ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.04.2017
«Մաքուր Հայաստան» ծրագրով գույքագրվել ու անձնագրավորվել են շուրջ 2300 աղբանոց

Ի կատարումն ՀՀ վարչապետի՝ ս.թ. փետրվարի 16-ի ՀՀ կառավարության նիստում տրված հանձնարարականի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման և բնապահպանության նախարարությունները համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ են ներկայացրել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի նախագիծը: Գործող աղբանոցների վերաբերյալ հստակ պատկերացում կազմելու և այդ աղբանոցները փակելու նպատակով գույքագրվել ու անձնագրավորվել են ՀՀ տարածքում գտնվող շուրջ 2300 աղբանոց՝ ավելի քան 430 հա ընդհանուր տարածքով: Աղբանոցների տեղադիրքերի և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի կլինի Google Earth հենքի վրա կառուցված միջավայրում: Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում ամբողջական տեղեկատվությունը Google Earth-ի հենքի վրա կառուցված միջավայրում տեղադրելու ուղղությամբ: «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագիրը պետություն – համայնք – մասնավոր – քաղ. հասարակություն լայնաֆորմատ համագործակցության արդյունք է և կոչված է համախմբելու Հայաստանի բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և ՀԿ-ներին` Հայաստանն աղբից մաքրելու ու աղբահանության համար չնախատեսված վայրերում դրա հետագա կուտակումները կանխելու նպատակի շուրջ: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների առանձին ծրագիր, որով կհստակեցվեն մարզում իրականացվելիք միջոցառումների ժամանակացույցը: Ծրագիրն իրականացելու է պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև մասնավոր միջոցների հաշվին: Նախաձեռնության համակարգման համար ծրագրով առաջարկվում է ստեղծել տարբեր գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի նեկայացուցիչներից բաղկացած միջգերատեսչական հանձնաժողով: «Մաքուր Հայաստանը» լրացնում է «ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունը» և հանդիսանում է միջանկյալ և հրատապ լուծում մինչև Ռազմավարությամբ նախատեսված աղբահանության համակարգերի ձևավորումն ու լիարժեք գործունեությունը: http://mtad.am/hy/news/item/2017/04/18/mtad400/