ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.01.2026
Մամուլի ասուլիսով նախարար Համբարձում Մաթևոսյանն ամփոփեց նախարարության 2025 թվականի գործունեությունը

Մամուլի ասուլիսով նախարար Համբարձում Մաթևոսյանն ամփոփեց նախարարության 2025 թվականի գործունեությունը և ԶԼՄ գործընկերների հետ խոսեց նաև 2026 թվականին Հայաստանում կայանալիք COP17 համաժողովի նախապատրաստական գործընթացի մասին. այս փուլում այն արդեն նախարարության օրակարգի կարևոր մաս է ու զբաղեցնում է աշխատանքի զգալի հատվածը։
Նախարարության համար 2025 թվականը կարելի է բնութագրել որպես ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված օրենսդրական կարգավորումների ու ընդունված որոշումների տարի, ինչպես նաև միջազգային հարթակում նախարարության դերի և աննախադեպ ներգրավվածության փուլ։

  • 2025 թվականին շարունակվել է  Էկոպարեկային ծառայության կայացումը և լիարժեք գործարկումը՝ բարելավելով տեխնիկական հագեցվածությունն ու մարզային կառույցների կարողությունները։ Մարզային վարչությունների կողմից արձանագրվել է բնապահպանական իրավախախտման 903 դեպք, կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցումը կազմել է 522,9 մլն դրամ, իսկ տուգանքների չափը՝ 14,3 մլն դրամ։ 
  • Կարևոր ուղղություններից մեկն այս տարի նախարարության կողմից մատուցվող ծառայությունների  թվայնացումն է. 29 թույլատվական փաստաթղթերից 24-ը արդեն տրամադրվում է էլեկտրոնային եղանակով՝ նախորդ տարվա համեմատ 12-ով ավելի։ 
  • Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում կարևոր որոշումներով ամրագրվել է պահպանության և արդյունավետ օգտագործման առաջնահերթությունը։ 2025 թվականի ընթացքում Արարատյան դաշտում լուծարվել է 8 և կոնսերվացվել 25 խորքային հոր՝ ապահովելով տարեկան շուրջ 34.5 մլն մ3 ջրախնայողություն, ինչը վերջին հինգ տարվա ընթացքում առավելագույն ցուցանիշն է։ 

Այդ աշխատանքների իրականացման արդյունքում արդեն իսկ արձանագրվել է դրական ազդեցություն Արարատյան արտեզյան ավազանի վերականգնման վրա։ 

  • 2025 թվականի ընթացքում պետական բյուջեի միջոցներով իրականացվել են անտառվերականգնման և անտառպատման աշխատանքներ՝ շուրջ 260 հա տարածքում։ 
  • Կլիմայական օրակարգում ևս եղել են կարևոր առաջընթացներ. Ազգային ժողովի կողմից հավանության է արժանացել ՀՀ առաջին «Կլիմայի մասին» օրենքը, իսկ Փարիզյան համաձայնագրի ներքո ընդունվել են 2026–2035թթ. ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (NDC-ներ) և դրանց իրականացման ծրագիրը։
  • Թափոնների կառավարման ոլորտում կառավարության կողմից հավանության արժանացած օրինագծով 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է սահմանափակել պոլիէթիլենային տոպրակների և մի շարք մեկանգամյա պլաստիկ ապրանքների գործածությունը։
  • 2025 թվականին 12 համայնքի տրամադրված բնապահպանական սուբվենցիաների գումարը շուրջ 3 անգամ ավելի էր նախորդ տարվա ցուցանիշից։ (2024 թվականի 5 համայնք, 271.3 մլն.դրամի փոխարեն)։
  • 2025 թվականի ընթացքում միջազգային դոնորների աջակցությամբ իրականացվել են 35 ազգային և 4 տարածաշրջանային ծրագիր։
  • Հաստատվել է մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների  ծրագիրը, այդ թվում՝ մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացում, շինարարության և հանքարդյունաբերության ոլորտում փոշենստեցնող սարքավորումների կիրառման պահանջի սահմանում։ 

Նախարարը պատասխանել է լրագրողներին հուզող հարցերին և ընդարձակ անդրադարձ կատարել  COP17-ի կազմակերպման աշխատանքներին։ 
 Նախարարը նշել է, որ COP17-ի հյուրընկալման շրջանակում Հայաստանն ամրապնդում է նաև իր դերը կենսաբազմազանության միջազգային օրակարգում՝ միանալով և վավերացնելով ոլորտի հիմնական միջազգային փաստաթղթերի զգալի մասը, ինչպես նաև ազգային քաղաքականություններն ու գործողությունները համահունչ դարձնելով Կունմին–Մոնրեալի գլոբալ շրջանակի նպատակներին։