ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.03.2017
Ջրի համաշխարհային օրը համախմբել էր պետական մարմինների ներկայացուցիչներին գիտնականներին, դիվանագետներին և ուսանողներին

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՀՀ բնապահպանության նախարարության և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ տեղի է ունեցել Ջրի համաշխարհային օրվան նվիրված աշխատաժողով: Միջոցառումն նախաձեռնել էր ՀՀ ԳԱԱ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը: ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, ողջույնի խոսքում անդրադարձել է ջրային ռեսուրսների կարևորությանը և դրանց ռացիոնալ օգտագործման անհրաժեշտությանը: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն իր ելույթում ներկայացրել է պետության կողմից ջրային ռեսուրսների կառավարման պետական քաղաքականության հիմնական սկզբունքները: «Վերջին տարիներին Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում իրականացվել են էական օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ, ինչի արդյունքում ապահովվել է դրանց համապարփակ կառավարման սկզբունքների ներդրումը և կիրառումը: Ջրային ռեսուրսների ոլորտում տարվում է միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքականություն: Այդ գործընթացները համահունչ են Եվրամիության համապատասխան դիրեկտիվներին, ինչը բարձրացնում է մեր կողմից իրականացվող գործողությունների արդյունավետությունը»,- նշել է Խ. Հակոբյանը: Բնապահպանության նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների վերականգնման և պահպանման ուղղությամբ տարվող միջոցառումներին: Նշելով, որ Ջրի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է «Կեղտաջրերի մաքրում»` Խ. Հակոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարության 2017 թ-ի ծրագրում, ջրավազանային կառավարման պլանների հաստատման հետ զուգահեռ ընդգրկվել էր նաև ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործընթացը կանոնակարգող օրենսդրության մշակման առաջարկը, և համապատասխան օրենքի նախագիծն արդեն մշակված է և նույն օրը, միւոցառումից հետո ներկայացվելու է մասնագետներին: Իրենց երկրների ջրային ոլորտներին են անդրադարձել ՀՀ–ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը և Իտալիայի Հանրապետության դեսպան Ջովաննի Ռիչուլլին: Դեսպանները ներկայացրել են նաև Եվրամիության և մասնավորապես` իրենց երկրների կողմից ջրային ռեսուրսների պահպանման և կառավարման ուղղությամբ մեր պետությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերը: Խորհրդաժողովի ընթացքում գիտնականները և մասնագետները ներկայացրել են ոլորտում առակա վիճակը, իրականացվող միջոցառումները և հնչեցրել առաջարկներ: