ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.03.2017
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ոլորտին վերաբերող որոշումներ

Մարտի 9-ին կայացած կառավարության նիստում ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ոլորտին առնչվող որոշումներ:Գործադիրը հաստատել է Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքի 2017-2022 թվականների կառավարման պլանը և արդյունավետ կառավարմանն ուղղված առաջնահերթ միջոցառումները, հավանություն տվել Ախուրյանի ջրավազանային տարածքի կառավարման պլանի 2017-2022 թվականների միջոցառումների ծրագրին: Նախագծի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը: Նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից բնապահպանության նախարարին տրվել են նաև հանձնարարականներ: ՓՀԷԿ-երի ոլորտի կարգավորման ուղղությամբ խնդիրները համակարգային լուծելու նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ բնապահպանության նախարարին 2-ամսյա ժամկետում սահմանել ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հստակ չափորոշիչներ: Հանձնարարականի կատարման շրջանակներում կվերանայվի բնապահպանական թողքի վերաբերյալ ՀՀ կառավարության 30 հունիսի 2011 թվականի N 927-Ն որոշումը՝ հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները և թողքի խախտման համար պատասխանատվության տեսակները: Կհստակեցվի այն գետերի ցանկը՝ որտեղ բնապահպանական, գյուղատնտեսական, և այլ առանձնահատկություններից ելնելով արգելվում է ՀԷԿ-երի կառուցումը, կմշակվի ձկնուղիների կառուցման և աստիճանների բարձրության նորմեր,հաշվի առնելով միջազգային փորձը՝ կուսումնասիրվեն ՀԷԿ-երի կողմից օգտագործվող ջրային ռեսուրսների համար բնօգտագործման վճարների ներդրման և նպատակային օգտագործման հնարավորությունները: Ջրավազանային կառավարման պլանների վերանայման ուղղությամբ վարչապետը հանձնարարել է բնապահպանության նախարարին եռամսյա ժամկետում մշակել ջրային հաշվեկշռի ճշգրիտ հաշվարկի մեթոդաբանությունը, ապահովել կիրառական քայլերը մշակող ջրավազանային կառավարման պլաններում համայնքների, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահանջները ներառելու, այդ թվում գործողությունների համադրումը ՀՀ ռազմավարական ծրագրերի, ընթացիկ նախաձեռնությունների և կանխատեսումների հետ: Հանձնարարվել է նաև մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը վերանայել մինչ այժմ ՀՀ կառավարության 2011թ. փետրվարի 3-ի N 4 արձանագրային որոշման համապատասխան մշակված և մշակման փուլում գտնվող կառավարման պլանները և համապատասխանեցնել վերոնշյալ պահանջներին: