ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.03.2017
Տեղի ունեցավ «Կիրառական բարձր արդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիա» 1-ին հայալեզու գրքի շնորհանդեսը

«Տոնուս-Լես» ընկերությունում տեղի է ունեցել բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիային (ԲԱՀՔ) վերաբերող՝ «Կիրառական բարձր արդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիա» 1-ին հայալեզու գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, պետական այրեր, քիմիական գիտությունների դոկտոր Ս. Հայրապետյանը, ակադեմիկոսներ, երիտասարդներ մասնագետներ: Գիրքը ոլորտում առաջին հայալեզու տպագիր աշխատանքն է և մեծ կարևորություն ունի ոլորտի զարգացման, երիտասարդ մանագետների վերապատրաստման, քրոմատագրաֆիական մեթոդի կիրառման հմտություններին տիրապետելու գործում: ԲԱՀՔ-ը ռազմավարական նշանակության զենքն է լաբորատորիաների համար: Հանրապետություն մուտք գործող տարբեր նյութերը՝ սնունդը, դեղամիջոցները, կարող են իրենց մեջ պարունակել վտանգավոր նյութեր և դրանց ժամանակին ի հայտ բերելու համար, արդյունավետ է կիրառել ԲԱՀՔ-ը: Արդյունքում մեր երկիրն առավել պաշտպանված կլինի: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը. <<Ողջունում եմ գրքի հեղինակին այս աշխատանքի ստեղծման կապակցությամբ: Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նույնպես իրականացվում են մոնիթորինգային աշխատանքներ և բոլոր մոնիթորինգային ցուցանիշները ճշգրտվում են և պարզաբանվում են լաբորատոր պայմաններում: Բնականաբար այս տեխնոլոգիան կիրառվում է նաև բնապահպանության նախարարության ներքո գործող մոնիթորինգի կենտրոնի լաբորատորիայում, տեսչության լաբորատորիայում և այս գիրքը, որն անմիջականորեն օգնելու է լաբորատորայի աշխատակիցներին, լաբորանտներին, մասնագետներին՝ առաջնորդվելու նույն տեխնոլոգիաներով, միանշանակ կապահովի համապատասխան արդյունավետություն>>: Քիմիական գիտությունների դոկտոր Ս. Հայրապետյանը նշել է քրոմատագրաֆիական անալիզի արդյունավետության կարևորությունը, առանց քրոմատագրաֆիայի իրականացման անհանր համարելով այս կամ այն ուսումնասիրությունը: <<Առաջատարն ու ամենաարդյունավետը բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրաֆիական մեթոդն է, ինչի մասին էլ հենց այս գիրքն է>>,- նշել է Ս.Հայրապետյանը: