ՀՀ բնապահպանության նախարարությունում ներկայացվել են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ նախաձեռնությամբ Հայաստանում անցկացված «Կենսաբազմազանության վերաբերյալ KAP /գիտելիք, վերաբերմունք, փորձառություն/» սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքների նախնական վերլուծությունները: GIZ-ի պատվերով ուսումնասիրությունն իրականացրել է «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը/IPSC/: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը քննարկման մեկնարկին նշել է, որ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում կատարված ուսումնասիրությունը կարևոր հենք է հանրապետության հարուստ կենսաբազմազանության պաշտպանման ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացման համար: «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը/ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քարսթեն Շուլցն իր խոսքում նշել է, որ կառավարությունը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պետք է իմանան, թե բնակչությունը ինչպես է ընկալում կենսաբազմազանությունը: Բանախոսը կարևորել է այն հանգամանքը, որ սոցիոլոգիական հարցման հարցաթերթիկը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների հետ միասին, ինչը նպաստել է ուսումնասիրության բարձր արդյունավետությանը: Ք. Շուլցը հայտնել է, որ եթե ՀՀ կառավարությունն անհրաժեշտ համարի, ապա նման հետազոտություն կարվի նաև 3 տարի հետո` պարզելու համար, թե այդ ընթացքում իրականացված գործողությունների արդյունքում բնակչության իրազեկվածության մակարդակը բարձրացել է, թե նվազել: «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի/IPSC / ներկայացուցիչները մատուցել են ուսումնասիրության մեթոդիկան և արդյունքների նախնական ամփոփված տվյալները: Սոցիոլոգիական հարցումների արդյունքները բացահայտել են ՀՀ քաղաքացիների հետաքրքրվածությունը կենսաբազմազանության և դրա պահպանման նկատմամբ: Գնահատելով հետազոտության բազմավեկտորությունը` նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը կարևորել է ստացված արդյունքները` կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործնական միջոցների կիրառման, բնապահպանական թիրախային կրթության իրականացման համար: Որոշվել է արդյունքների վերլուծության ավարտից հետո պարբերական հանդիպումներով դրանք հասանելի դարձնել հանրության և քաղքացիական հասարակության ներկայացուցիչների համար:
