ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.09.2017
Տարածաշրջանում առաջին անգամ տրվեց բնապահպանական անդրսահմանային համագործակցության ծրագրի մեկնարկը

Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում և ՀՀ Շիրակի մարզում տեղի են ունեցել «Արփի լիճ» ազգային պարկի և «Ջավախեթի» պահպանվող տարածքների անդրսահմանային միջոցառումները, որոնց մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության պատվիրակությունը` նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ, Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Եկատերինա Գրիգալավայի գլխավորությամբ: Միջոցառումներին ներկա են գտնվել նաև ՀՀ-ում և Վրաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպաններ Մաթիաս Կիսլերը և Հայքե Պաիթչը, KFW բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի, Բնության համաշխարհային հիմնադրամի Անդրսահմանային միացյալ քարտուղարություն ծրագրի ներկայացուցիչներ, երկու երկրների վարչական շրջանների պատվիրակություններ, ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն, փուլ III» ծրագրի շրջանակներում՝ Բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասյան գրասենյակի հայաստանյան մասնաճյուղի, ինչպես նաև Հայաստանի բնապահպանության նախարարության ու Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության նախարարության կողմից՝ ընդգծելու անդրսահմանային համագործակցությունը՝ կենսաբազմազանության մոնիթորինգի և զբոսաշրջության խթանման գործընթացում։