ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.02.2015
Բնապահպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեյին: Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական ամուր բարեկամական հարաբերությունները` Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ դրանց շրջանակներում կավելանան նաև բնապահպանության ոլորտին առնչվող ծրագրեր, որոնք հետագա ակտիվ և սերտ համագործակցության հեռանկարներ կստեղծեն: Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ողջունել է սերտորեն համագործակցելու Արամայիս Գրիգորյանի պատրաստակամությունը և առաջարկել առաջիկայում կազմակերպել Հայաստանի և Ֆրանսիայի համապատասխան գերատեսչությունների ղեկավարների հանդիպում և համագործակցության առավել լայն շրջանակների քննարկում: Անդրադառնալով ողջ աշխարհին մտահոգող կարևորագույն խնդիրներից Կլիմայի փոփոխության ռիսկերին, հարմարվողականությանը և այդ առթիվ դեկտեմբերին Փարիզում կայանալիք համաժողովին` կողմերն արտահայտել են իրենց մտահոգությունները և քննարկել կլիմայի փոփոխության մեղմման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք աշխատանքներն ու ծրագրերը: Բնապահպանության նախարարն առաջարկել է համագործակցություն էկոտուրիզմի և բնության հատուկ պահպանվող տարածքների/ ԲՀՊՏ/ զարգացման ոլորտում, փորձի փոխանակման հնարավորությունների ստեղծում կենսառեսուրսների և ԲՀՊՏ-ների կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, ինչպես նաև Հայաստանում ջրային ռեսուրսների պահպանության, ջրավազանային կառավարման պլանների մշակման և արդի տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունների ստեղծման ոլորտում: Դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն անդրադարձել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից ՀՀ-ում իրականացվող Կանաչ և կայուն տարածքների զարգացման ծրագրին, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել Վեդու ջրամբարի կառուցման, ոռոգման համակարգի ենթակառուցվածքների ստեղծման, ինչպես նաև ջրամբարի շրջակա տարածքների կենսաբազմազանության զարգացման և կայուն կառավարման աշխատանքներ: Այս համատեքստում նախարար Արամայիս Գրիգորյանն առաջարկել է որպես ջրամբարի հարակից տարածք, որն ունի առանձնահատուկ և հարուստ կենսաբազմազանություն հենց «Խոսրովի անտառ» պետարգելոցում, իրականացնել կենսաբազմազանության կայուն կառավարման ծրագիրը: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել բարձրացված հարցերը և առաջիկայում հանդես գալ առավել հանգամանալից քննարկումներով և գործնական առաջարկություններով: