ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.04.2014
Ամփոփվել են Արարատյան հարթավայրի ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և խորքային ջրերի խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքների հերթական փուլի արդյունքները

ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատյան հարթավայրի ապօրինի խորքային հորերի լոծարման և կոնսերվացման, ինչպես նաև խորքային ջրերի խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները: Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանին տեղեկացվել է, որ ավարտվել են ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի համայնքային նշանակության խորքային հորերի հաշվառման աշխատանքները: Այս արդյունքները համադրվում են նախորդ տարիների ուսումնասիրության արդյունքների հետ: Ընթացքի մեջ է նաև «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման դրույթների իրականացման գործընթացը: Այս փուլում հաշվառվում է Արարատյան հարթավայրում ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով մինչև ապրիլի 1-ը դիմած տնտեսվարողների նոր հայտերը, որոնք առանձին-առանձին քննարկվելու են ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովում և եռամսյա ժամկետում եզրակացություն է տրվելու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ: Վերոհիշյալ աշխատանքներին զուգահեռ շարունակվել են ապօրինի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը: Արամ Հարությունյանին զեկուցել են, որ ապրիլի 28-ի դրությամբ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում լուծարվել, կոնսերվացվել և բերվել են փականային ռեժիմի 82 հորատանցք, իսկ 7-ը խորքային հորի կոնսերվացման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը հանձնարարել է ինտենսիվացնել աշխատանքների ընթացքը՝ սահմանված ժամկետներում շոշափելի արդյունքներ ունենալու նպատակով: