ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.01.2014
Քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով իրականացվելիք մի շարք բնապահպանական նախագծեր

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոյին: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համագործակցության ընթացքում հաջողությամբ իրականացվել են մոտ 31 ազգային և 10 տարածաշրջանային ծրագրեր: ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետոն կարևորելով Բնապահպանության նախարարության հետ համագործակցության որակական մեծ ձեռքբերումները՝ հայտնել է, որ համատեղ աշխատանքների արդյունավետությունը բարձր են գնահատվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև կենտրոնական գրասենյակների կողմից: Բնապահպանության նախարարն արդյունավետ է համարել փոխգործակցության ձևաչափը, համաձայն որի՝ սկսած 2005թ. Բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև յուրաքանչյուր տարվա համար ստորագրվում է բնապահպանության ոլորտի տարեկան աշխատանքային ծրագիր: Նկատելով, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այն կառույցներից մեկն է, որի միջոցով Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը /ԳԷՀ/ իրականացնում է իր գործունեությունը՝ Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով նաև հանդիսանում է Հայաստանում ԳԷՀ-ի քաղաքական և գործառնական ազգային համակարգող, բարձր է գնահատել Հիմնադրամի միջոցով իրականացված ազգային և տարածաշրջանային բազմաթիվ ծրագրերը: Ամփոփելով 2013 թ. իրականացրած աշխատանքների արդյունքները՝ Արամ Հարությունյանը և Բրեդլի Բուսետոն անդրադարձել են 2014թ. նախատեսվող ծրագրերի ընթացքին: Քննարկվել են կլիմայի փոփոխության, արոտավայրերի և անտառային էկոհամակարգերի խոցելիության նվազեցման, պահպանվող տարածքների համակարգի հզորացման և ֆինանսական կայունության խթանման, քաղաքային կանաչ լուսավորության և շենքերի էներգաարդյունավետության, ինչպես նաև գլոբալ կոնվենցիաների շրջանակներում ազգային զեկույցների մշակմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մյուս աշխատանքային հանդիպումն անցկացնել ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներից որևէ մեկում: