ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի փոխնախագահ Եվա Վիտտին: Նախարարը նկատել է, որ Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի հետ Հայաստանի Հանրապետության իրականացրած ծրագրերը տեսանելի և շոշափելի արդյունքներ են տալիս: Երկուստեք բարձր գնահատելով համագործակցության ներկա մակարդակը՝ կողմերը անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի ֆինանսական համագործակցության համաձայնագրի շրջանակներում նախատեսվող «Պահպանվող տարածքների աջակցության ծրագիր-Հայաստան» ծրագրի մանրամասներին: Նախարար Արամ Հարությունյանը շեշտել է, որ ցանկալի կլիներ, որ ծրագրով նախատեսված գումարները ուղղվեին գործնական խնդիրների լուծմանը՝ նվազագույնի հասցնելով խորհրդատվական և կազմակերպչական ծախսերը, ինչի հետ համաձայնել է նաև տիկին Եվա Վիտտը: Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի փոխնախագահ Եվա Վիտտը, ով համատեղության կարգով նաև Կովկասի բնության հիմնադրամի խորհրդի նախագահն է, նախարարին հայտնել է, որ քաջատեղյակ է Հայաստանում Կովկասի բնության հիմնադրամի իրականացրած և ընթացքի մեջ գտնվող ծրագերից և իր գոհունակությունն է հայտնել դրանց արդյունավետ ընթացքի վերաբերյալ: Հյուրի խնդրանքով Նախարարը ներկայացրել է Կովկասի բնության հիմնադրամի՝ Հայաստանում վերջին երեք տարիներին իրականացրած ծրագրերի դինամիկան, ինչից երևում է, որ արդյունավետ համագործակցության շնորհիվ ավելացել են և ծրագրերը, և դրանց իրականացման համար նախատեսված ներդրումները: Հանդիպման ավարտին նախարար Արամ Հարությունյանը և Եվա Վիտտը համաձայնության եկան փոխգործակցության ներկա մակարդակը պահպանելու և ներդրվող միջոցները ավելացնելու հնարավորությունները քննարկելու հարցերում:
