ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.09.2013
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Բնապահպանական գործողությունների ծրագրերի հատուկ խմբի ամենամյա հանդիպմանը

    ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-18-ին մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության  /OESD/ Բնապահպանական գործողությունների ծրագրերի հատուկ խմբի ամենամյա հանդիպմանը: Այս տարի լրանում է Խմբիստեղծման 20 ամյակըև հերթական հանդիպումն անցկացվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:     Նախարար Արամ Հարությունյանը իր ողջույնի խոսքում շնորհավորել է  կազմակերպության հոբելյանի առթիվ և ընդգծել այն էական ներդրումը, որն ունի Բնապահպանական գործողությունների ծրագրերի հատուկ խումբը՝  բնական ռեսուրսների կայուն օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության գործում: «Ժամանակակից արդյունաբերության և նյութական ապահովման բազմապատկման վրա հիմնված աշխարհում, շրջակա միջավայրը հատկապես խոցելի է: Կարծում եմ բնության հանդեպ հոգատարությունը և նրա հարստությունների պահպանումը մարդկության ջանքերի ներդրման ամենավեհանձն և արժանի ուղղություններից է»,- իր ելույթում ասել է Ա. Հարությունյանը:     Հանդիպմանը  քննարկվել են Բնապահպանական գործողությունների ծրագրերի հատուկ խմբի աշխատանքային ծրագրի իրականացման առաջընթացի մասին հաշվետվությունը և 2014թ. ծրագրերը: Միջոցառմանը մասնակցել են Արևելյան Եվրոպայի, Կովկասիու Կենտրոնական Ասիայի (EECCA)  և նտեսական ամագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրների պետական պաշտոնյաներ և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:      Վրաստան կատարած այցի շրջանակում նախարար Արամ Հարությունյանը երկկողմանի հանդիպումներ է ունեցել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության շրջակա միջավայրի պահպանության դեպարտամենտի տնօրեն Սայմոն Ապտոնի, նույն կազմակերպության շրջակա միջավայրի պահպանության բաժանմունքի պետ Բրենդան Գիլլեսպիի  և   Գերմանիայի Դաշնության շրջակա միջավայրի, բնապահպանության և ատոմային անվտանգության նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հետ միջազգային համագործակցության բաժնի պետ Յուրգեն Կայխոստի հետ: Նախարարը ներկայացրել է  Հայաստանի Հանրապետության կողմից բնապահպանության ոլորտում վարվող պետական քաղաքականությունը, իրականացվող և հեռանկարային ծրագրերը:     Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը հանդիպել է նաև Վրաստանի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նախարար Խատունա Գոգալաձեին: Քննարկվել են  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, մասնավորապես՝ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համապատասխան գերատեսչությունների համագործակցության հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակել պատասխանատուներ, որոնք կբարձրացնեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ Քուռ և Արաքս գետերի ջրային ավազանի և Ջավախքում հայաստանի և Վրաստանի կողմից ստեղծվող անդրսահմանյան պահպանվող տարածքների հարցերում: Կողմերը պայմանավորվել են նախապատրաստել և ստորագրման ներկայացնել երկու երկրների գերատեսչությունների միջև կնքվելիք՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ փաստաթուղթ, որը հետագա փոխգործակցության համար էլ ավելի արդյունավետ ընթացք կապահովի: Արամ Հարությունյանն իր վրացի գործընկերոջը հրավիրել է աշխատանքային այցով ժամանել Հայաստան:    ՀՀ բնապահպանության նախարարի գլխավորած պատվիրակությունն այսօր վերադարձել է Երևան: