ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.09.2013
«Խոսրովի անտառ» պետական արգելոցին շնորհվել է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ

ՀՀ բնապահպանության նախարարությունը սեպտեմբերի 3-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը հրավիրել էր համաժողով՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ շնորհելու կապակցությամբ:          Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում առաջին երկիրն է, որին տրվում է պահպանվող տարածքի Եվրոպական դիպլոմ: Միջոցառմանը ելույթ են ունեցել Եվրոպայի խորհրդի պատվիրակության, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի գործընկեր միջազգային կազմակերպությունների և ՀՀ գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչները:    Բացման խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշել է. «Մենք այս օրը կայացրել ենք շնորհիվ այն մոտեցման, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության մաս, մեծապես կարևորում է բնության պահպանությունը  և  բնական ժառանգության փոխանցումը գալիք սերունդներին:  Դա դրսևորվում է ոչ միայն շրջակա միջավայրի պահպանությանն ու անվտանգությանը նպատակաուղղված գործողություններով, այլ նաև բնության հատուկ պահպանվող տարածքներիստեղծմամբ և ցանցի շարունակական ընդլայնմամբ»: Ելույթում անդրադառնալով բնության հատուկ պահպանվող տարածքների  գործառույթների իրականացման միասնական ռազմավարությանը և համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությանը՝ նախարարը ընդգծել է, որ այդ համագործակցությունը ձևավորվում է  ազգային օրենսդրության և միջազգային կազմակերպությունների կանոնակարգերի համատեղմամբ:    Արամ Հարությունյանի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանությունը համարվում է համամարդկային և առաջնահերթ հիմնախնդիր  բոլոր երկրների համար: Խնդրի լուծումը պահանջում է գլոբալ մոտեցում և  չի սահմանափակվում առանձին երկրների սահմաններով և այդ է պատճառը, որ համաշխարհային հանրության կողմից առավել ուշադրություն է դարձվում հատկապես բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության ներկայացվածությանը` որպես պահպանության կարևոր գրավական: «Ներկայումս մեծապես կարևորվում է  նաև Բեռնի`  «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին»  Կոնվենցիայով երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը: Կոնվենցիայի  հիմնական նպատակը վայրի ֆլորայի, ֆաունայի ու դրանց բնական միջավայրերի պահպանության ապահովումն է, որն  անհրաժեշտ է իրականացնել մի քանի պետությունների համագործակցությամբ:  Այս նպատակներին կարելի է հասնել անդամակցող երկրների միջև սերտ համագործակցության միջոցով: Կոնվենցիայի շրջանակներում կողմ երկրներն իրենց տարածքում առանձնացնում են բնապահպանական հատուկ հետաքրքրություն ներկայացնող տարածքներ` «Էմերալդ ցանց»,  որտեղ յուրաքանչյուր երկիր իրականացնում է համալիր բնապահպանական միջոցառումներ: Այդ տարածքներն առանձնացվում են երկրների կառավարությունների կողմից:  Ծրագիրը,   որպես վերջնարդյունք,  նպատակ ունի հատուկ պահպանության  ռեժիմների շնորհիվ   Եվրոպայի ողջ տարածքում  ստեղծել  պահպանության համընդհանուր ցանց, որպեսզի մեղմվեն  վայրի բուսական և կենդանական տեսակներին սպառնացող վտանգները: Այս ծրագրի մաս է կազմում նաև Հայաստանի Հանրապետության կողմից « Խոսրովի անտառ » պետական արգելոցը Եվրոպական պահպանվող տարածքի դիպլոմի ներկայացնելու մեր գործողությունը:  Ցանկանում եմ ընդգծել, որ « Խոսրովի անտառ » պետական արգելոցը Եվրոպական դիպլոմի արժանացած առաջին պահպանվող տարածքն է մեր տարածաշրջանում, և դիպլոմի շնորհումը Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներից մեկին կարևորվում է նաև նրանով, որ այս տարի մեզ համար հոբելյանական տարի է` լրանում է մեր երկրում  հատուկ պահպանվող տարածքների հիմնադրման 55-ամյակը: Եվ այսօր մեզ ուրախացնում է նաև այն փաստը, որ  մենք ունենք պահպանվող տարածք, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին և որ այն ներառվում է Եվրոպայի բնական ժառանգության ցանկում»,- ասել է նախարար Արամ Հարությունյանը: Բնապահպանության նախարարը հավելել է նաև, որ Եվրոպական դիպլոմը  սահմանում է նոր պատասխանատվության նշաձող և նոր խնդիրներ է բարձրացնում, որոնց լուծմանը նախարարությունը պատրաստ է: «Շնորհակալական խոսք եմ հղում Եվրոպայի նախարարների խորհրդին, մասնագետների հանձնաժողովին պահպանվող տարածքին տրված գնահատականի և ցուցաբերած վստահության համար, ինչպես նաև  արգելոցին աջակցող միջազգային ու տեղական կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, որոնց ջանքերի շնորհիվ արգելոցը պահպանել է իր միջազգային նշանակությունն ու դերակատարումը»,- ամփոփել է Արամ Հարությունյանը:     Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչները իրենց ելույթներում բարձր են  գնահատել այն փաստը, որ ՀՀ իշխանությունները մշտապես ուշադրության կենտրոնում  են պահում բնապահպանական խնդիրները և անհրաժեշտ աշխատանքներ տանում այդ ուղղությամբ: Հանձնելով դիպլոմը՝ Եվրախորհրդի Եվրոպական դիպլոմ շնորհող փորձագետների հանձնաժողովի նախագահ Մայքլ Աշերն իր խոսքում նկատել է, որ  Հայաստանի Հանրապետությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում բնության հատուկ տարածքները պահպանելու ուղղությամբ և Եվրոպական դիպլոմի հանձնումը ոչ միայն գնահատականն է այդ աշխատանքի, այլ նաև՝ պարտավորեցնող փաստաթուղթ:     Համաժողովի ավարտին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար» գերատեսչական ոսկե մեդալ»  է շնորհել Դիպլոմի շնորհման ուղղությամբ երկարատև աշխատանքներ իրականացրած Եվրախորհրդի Եվրոպական դիպլոմ շնորհող փորձագետների հանձնաժողովի նախագահ Մայքլ Աշերին, Եվրախորհրդի պահպանվող տարածքների եվրոպական դիպլոմի արժանացման հանձնախմբի փորձագետ Հերվե Լեթիերին և ՀՀ բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ Հասմիկ Ղալաչյանին: «Խոսրովի անտառ» պետական արգելոցը Եվրոպական դիպլոմի ներկայացնելու ուղղությամբ աշխատանքները ձեռնարկվել են 2009-2011 թվականներին ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացված «Էմերալդ ցանցի ձևավորումը Հայաստանում»  Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի համատեղ ծրագրի շրջանակներում:  Ծրագրի գերակայություններից մեկն է նաև Հայաստանի որևէ պահպանվող տարածքի միջազգային գնահատումը: Որպես այդպիսին նախարարության կողմից ընտրվել է Հայաստանի «Էմերալդ» ցանցում ընդգրկված և կենսաբանական ու լանդշաֆտային բազմազանության եվրոպական չափանիշներին բավարարող «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: Եվրախորհուրդը, Դիպլոմի արժանացման ընթացակարգի համաձայն, 2012 թվականի ընթացքում  արգելոցում Եվրախորհրդի փորձագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կատարել է գնահատման մանրամասն ուսումնասիրություն: Ինչից հետո Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեն որոշում է ընդունել դիպլոմի շնորհման վերաբերյալ: