ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2025
Բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկերի բարեփոխման թեմայով աշխատաժողով

Տեղի է ունեցել բարձր մակարդակի աշխատաժողով՝ նվիրված բնօգտագործման վճարների (ջրօգտագործման համար) և ջրային ավազան թափված վնասակար նյութերի համար սահմանվող բնապահպանական հարկերի բարեփոխման հիմնախնդիրներին։ 
Միջոցառումը կազմակերպվել էր «ԵՄ-ն՝ հանուն կանաչ վերականգնման» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2025 թվականի հունվարից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։
Աշխատաժողովը նպատակ ուներ քննարկելու բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկերի համակարգերի բարեփոխման մարտահրավերներն ու հնարավորությունները, սահմանելու բարեփոխումների իրականացման առաջնահերթությունները և վեր հանելու առանցքային սկզբունքները։ 
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը, նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը, ինչպես նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) ծրագրի ղեկավար Մեթյու Գրիֆիթսը։
Մասնակիցները քննարկեցին ինչպես ջրօգտագործման վճարների բարեփոխման ճանապարհային քարտեզը, այնպես էլ հիդրոէներգետիկ և ձկնաբուծական նպատակներով օգտագործվող ջրերի համար նախատեսվող վճարների վերանայման առաջարկները։ 
Քննարկման առանձին հատված էր նվիրված բնապահպանական հարկերի համակարգի բարեփոխման սկզբունքներին և ԵՄ օրենսդրությանը մոտարկմանը, մասնավորապես՝ քաղաքային կեղտաջրերի մաքրման ուղղությամբ իրականացվելիք քայլերին։