Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային քննարկում՝ գազագեներատորային հակակարկտային կայանքների ներկայիս տեխնիկական վիճակի, դրանց արդյունավետությանը, ինչպես նաև մթնոլորտային երևույթների վրա դրանց ներգործության գիտական հիմնավորումների վերաբերյալ։
Քննարկմանը մասնակցել են Էկոնոմիկայի նախարարի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ներկայացուցիչներ, Արարատի, Արմավիրի և Արագածոտնի մարզպետները, ինչպես նաև գիտական շրջանակների ներկայացուցիչներ՝ Երևանի պետական համալսարանից և Հայաստանի ազգային ագրարային համալսարանից։
Հանդիպման ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ներկայացրել է գործող համակարգի խնդիրները։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում, ներկայացվել են հնարավոր լուծումների տարբերակներ՝ ուղղված հակակարկտային պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։
Կարևորվել է միջգերատեսչական համագործակցությունը և մասնագիտական ներուժի ներգրավվածությունը։
Քննարկման արդյունքներով նախատեսվում է մշակել համապատասխան առաջարկություններ և նոր լուծումներ՝ հիմնված գիտական վերլուծությունների, միջազգային փորձի և լավագույն տեխնիկական հնարավորությունների վրա, այդ թվում նաև օրենսդրական լուծումներ:
