ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.11.2025
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը Ազգային ժողովում ներկայացրել է ջրային և թափոնների կառավարման ոլորտներին վերաբերող մի շարք կարգավորումներ

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը և «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ներկայացրել է ջրային և թափոնների կառավարման ոլորտներին վերաբերող մի շարք կարևոր կարգավորումներ։
- Ջրային օրենսգրքում նախատեսվում են՝
ազատ ջրօգտագործման դեպքերը լրացվել են ևս մեկով, համաձայն որի հակահեղեղային միջոցառումների իրականացումը ևս կհամարվի ազատ ջրօգտագործում,
ամրագրվել է, որ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի ժամկետի երկարաձգման դեպքում ջրօգտագործման թույլտվությունը ավտոմատ չի երկարաձգվում, այն երկարաձգվում է օրենսգրքով սահմանված կարգով,
Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների  ծավալը տարեկան 1.1 մլրդ մ3-ից նվազեցվել է մինչև 926 մլն մ3/տարի, որը կբաշխվի ջրօգտագործողների միջև՝ ըստ ջրօգտագործման գերակա ուղղությունների և չափաքանակների,
նախագծով սահմանվել է, որ Կարմիր գրքային և էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի առկայության հարցը կկարգավորվի ՇՄԱԳ գործընթացի իրականացմամբ։
- Թափոնների կառավարման ոլորտում կամրագրվեն՝
վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները և գործընթացի հիմնական կարգավորումները, կհստակեցվեն Կառավարության ու լիազոր մարմնի իրավասությունները
ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար լիազորող նորմ, ինչի շնորհիվ կսահմանվեն թափոնների հաշվառման կարգը և գործածության կանոններ ու պահանջներ
կհստակեցվեն նաև վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է կանխել թափոնների ապօրինի հեռացման վայրերի շահագործումը և բարձրացնել դրանց պատշաճ կառավարման արդյունավետությունը։