Նախարար Հակոբ Սիմիդյանի հրավերով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի (UNCCD) Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին և վերջինիս գլխավորած պատվիրակությունն հյուրընկալվել են Լոռու մարզպետ Արամ Ղազարյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոնվենցիայի ազգային համակարգող, Շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետի տեղակալ Նարինե Հակոբյանը, նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի փոխտնօրեն Արմեն Խոջոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Թումանյան համայնքի ղեկավար Սուրեն Թումանյանը, նախարարության և մարզպետի աշխատակազմի այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Պատվիրակությունը Հայաստանում է «Հողերի դեգրադացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրվա» շրջանակներում՝ «Միավորված՝ հողի համար, մեր ժառանգությունը մեր ապագան է» խորագրով միջոցառմանը մասնակցելու նպատակով: Լոռու մարզ են այցելել «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային եռամյա ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով:
Մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել մարզում կարևոր ծրագրի իրականացման համար և նշել, որ հողերի դեգրադացման խնդիրն ու երաշտի դեմ պայքարը արդիական են ամբողջ աշխարհում, այդ թվում նաև՝ Լոռու մարզում: Նա նշել է, որ պետական աջակցության մի շարք ծրագրերով և միջազգային կառույցների ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը մեծապես նպաստում են այս խնդիրների հաղթահարմանը, մշակովի ցանքատարածությունների ընդլայնմանը, ինչը շատ կարևոր է նաև պարենային անվտանգության տեսանկյունից:
Հանդիպմանն անդրադարձել է կատարվել «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման հանձնառությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային եռամյա ծրագրի արդյունքներին:
Վերջինիս շրջանակներում Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի 8 բնակավայրերում՝ Քարինջ, Մարց, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Դսեղ, Չկալով, դեգրադացված վարելահողերում ստեղծվել են գարու և վարսակի ենթացանքով՝ կորնգանի, առվույտի ցանքատարածքներ, գարու և եգիպտացորենի մաքուր ցանքատարածքներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև նշված համայնքներում բարելավել 70 հա դեգրադացված արոտավայրեր և 100 հա դեգրադացված խոտհարքեր, հատապտղային այգիների տարածքների հիմնում՝ մոտ 1.9 հա-ում: Նշված բնակավայրերում կիրականացվեն նաև այլ աշխատանքներ, կկազմակերպվեն ուսուցողական դասընթացներ: Նախատեսվում է շահառու համայնքներին տրամադրել բանջարային մշակաբույսերի նոր, արդյունավետ սորտեր, զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը և այլն:
Պատվիրակության ղեկավարին տեղեկացվել է, որ ընդհանուր առմամբ ծրագրում ներգրավված է շուրջ 500 ընտանիք, սակայն ծրագրի շահառու են նշված բնակավայրերի բոլոր բնակիչները, ինչը բնականաբար դրական ազդեցություն է ունենում բնակիչների կենսամակարդակի բարձրացման, համայնքների զարգացման վրա, իսկ կանանց ներգրավվածությունը ծրագրում շուրջ 50 տոկոս է:
Կողմերը քննարկել են նաև ծրագրերի իրականացման հետ կապված ընթացիկ խնդիրները, ինչպես նաև ծրագրի ընդլայնման հնարավորությունները: