ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.02.2021
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սերգեյ Կոպիրկինին

Հանդիպմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա. Մազմանյանը և նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը։
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը խոսել է երկու երկրների միջև երկարամյա ռազմավարական հարաբերություններից ինչպես քաղաքական, այնպես էլ՝ պետական կառավարման ոլորտում, ապա ներկայացրել է հետպատերազմյան այս շրջանում համագործակցության ռազմավարական ուղղությունների նոր օրակարգ առաջադրելու և առաջնահերթությունները վերանայելու  կարևորությունը։
Նախարարը շեշտել է, որ գործողությունները պետք է ուղղված լինեն 44-օրյա պատերազմի հետևանքների գույքագրմանը, մեղմմանն ու հաղթահարմանը։
Պարոն Սերգեյ Կոպիրկինն իր հերթին կարևորել է երկու երկրների միջև համագործակցությունը և տեղեկացրել, որ իրենք շահագրգիռ են ընդլայնել գործակցության ոլորտները և համատեղ ծրագրերի շրջանակները։
Շրջակա միջավայրի պահպանության բնագավառում ՀՀ և ՌԴ միջև հարաբերությունները հիմնականում զարգանում են գլոբալ և տարածաշրջանային միջազգային բնապահպանական կոնվենցիաների և միջազգային գործընթացների շրջանակներում, ինչպես նաև՝ ՀՀ և ՌԴ-ի միջև  տնտեսական համագործացության միջկառավարական հանձնաժողովների նիստերի որոշումների հիման վրա։
Նախարար Ռոմանոս Պետրոսյանը դեսպանին տեղեկացրել է, որ փոխգործակցության առավել մանրամասն ճանապարհային քարտեզ կազմելու, երկու երկրների գերատեսչությունների միջև ոլորտային համագործակցությունը  խթանելու և նոր մակարդակի վրա դնելու  նպատակով Հայաստան է հրավիրել  Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարար իր գործընկերոջը և այդ հարցում ակնկալում է դեսպանի գործուն աջակցությունը։
Կողմերը քննարկել են  2016 թվականին Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության և Ռուսաստանի  բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարության միջև  շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության հուշագիրը։ Նախարարը փաստել է, որ հուշագրի կետերը ժամանակակից մարտահրավերներին առավել համապատասխան դարձնելու կարիք կա։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել նախարարության կողմից իրականացվող «10 միլիոն» լայնածավալ ծառատունկի նախագծի և անտառկառավարման ոլորտում մեկնարկած բարեփոխումների վրա՝ ակնկալելով հետագա առավել խորացված փոխգործակցություն՝ առավել նշանակալի արդյունքներ գրանցելու նպատակով։
Ամփոփելով հանդիպումը, նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հավատարիմ է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին՝  համագործակցության նոր եզրեր ու հնարավորություններ  նախանշելով հայ–ռուսական  ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների և մասնավորապես՝ շրջակա միջավայրի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ռեսուրսների արդյունավետ կիրառման համատեքստում։