Շվեյցարիայի Ժնևում շարունակվում է Պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու միջկառավարական բանակցային կոմիտեի (ՄԲԿ) 5-րդ նիստի 2-րդ հատվածը (INC-5.2), որին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պարտականությունները կատարող Արամ Մեյմարյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են նաև ՇՄՆ վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության վարչության պետ Լիանա Փափախչյանը, Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար Համբարձում Մինասյանը։
Օգոստոսի 12-ից ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) նախաձեռնությամբ անցկացվում են բարձր մակարդակի նախարարական հանդիպումներ, որտեղ Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանի փորձն ու նախաձեռնությունները.
- 2022-ից ուժի մեջ գտնվող մինչև 50 միկրոն հաստությամբ պլաստիկ տոպրակների օգտագործման և վաճառքի արգելք,
- նոր նախաձեռնություն՝ աստիճանաբար արգելելու պլաստիկ տոպրակների և միանգամյա օգտագործման պլաստիկի վաճառքը,
- արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրում՝ որպես ոլորտի երկարաժամկետ զարգացման ամենաարդյունավետ գործիք։
Իր ելույթում Արամ Մեյմարյանը շեշտել է, որ պլաստիկ աղտոտումը մեր ժամանակների ամենահրատապ բնապահպանական մարտահրավերներից է. պլաստիկ թափոնները քայքայվելով դառնում են միկրոպլաստիկներ, որոնք թափանցում են օդ, ջուր և սննդային շղթաներ՝ սպառնալիք ստեղծելով շրջակա միջավայրի, կենսաբազմազանության և մարդկային բարեկեցության համար։
Որպես ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմ և 2026թ. Երևանում կայանալիք COP17-ի ընդունող երկիր՝ Հայաստանը պատրաստ է համատեղ ջանքերով դիմակայելու այս փոխկապակցված մարտահրավերներին։ Նախարարի տեղակալը բոլոր երկրների ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու COP17-ին՝ որպես կարևոր հարթակ համաշխարհային բնապահպանական քաղաքականության ձևավորման համար։