ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.06.2025
Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների պաշտպանության միջազգային դաշինքին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի կողմից ստորագրվեց Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի շրջանակային համաձայնագիրը։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ ընդգծելով երկու երկրների միջև աճող համագործակցությունը բնապահպանական ոլորտում։
Դաշինքի նպատակն է համախմբել պետություններին՝ միասնաբար գործելու աշխարհի յոթ խոշոր կատվազգիների պահպանության և վերականգնման ուղղությամբ։
Հայաստանի միանալը դաշինքին կարևոր քայլ է՝ ոչ միայն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերում մեր երկրի ակտիվ մասնակցությունն ընդգծելու առումով, այլև՝ ընձառյուծի ու այլ հազվագյուտ կատվազգիների պահպանմանն ուղղված տեղական ծրագրերի ընդլայնման ու միջազգային փորձի փոխանակման համար։
Այսօր Հայաստանում ապրում են մինչև 10 ընձառյուծի առանձնյակ։
Ստորագրված համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ոչ միայն բնապահպանական քաղաքականության մշակման, այլև ֆինանսավորման և տեխնոլոգիական լուծումների ոլորտում՝ վերածելով բնության պաշտպանությունն իրապես համաշխարհային օրակարգի բաղկացուցիչ մասի։
Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պահպանել կենդանական աշխարհի բազմազանությունն ու նպաստել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին։