ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2025
Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը

ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը:
ՀՊԴ նստաշրջանի ընթացքում ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է մանրամասն հաշվետվություն նախորդ շրջանի դիտարկման ընթացքում Հայաստանին տրված հանձնարարականների իրականացման վերաբերյալ:
Ելույթով հանդես է եկել նաև Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, ով իր ելույթում անդրադարձել է շրջակա միջավայրի և մարդու իրավունքների փոխկապակցվածությանը՝ ընդգծելով, որ. Հայաստանը ճանաչում է մաքուր, առողջ և կայուն շրջակա միջավայր ունենալու իրավունքը որպես մարդու հիմնարար իրավունք, որն անհրաժեշտ է արժանապատիվ կյանքի, առողջության և բարեկեցության համար։
Մեյմարյանը նշել է, որ վերջին տարիներին իրականացվել են էական բարեփոխումներ շրջակա միջավայրի ոլորտում՝ ներառյալ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, օդի որակի վերահսկողության համակարգերի արդիականացումը, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեխանիզմների բարելավումը, ինչպես նաև անտառների ու հատուկ պահպանվող տարածքների պահպանության և կենսաբազմազանության կառավարման ծրագրերը։
Նախարարի տեղակալը նշել է, որ 2023 թվականին Հայաստանը ընդունել է ցածր ածխածնային արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարություն մինչև 2050 թվականը, որն ապահովում է  դիմակայուն տնտեսություն կառուցելու ճանապարհային քարտեզ և համահունչ է Կայուն զարգացման նպատակներին.
«Մենք կլիմայական ճգնաժամը դիտարկում ենք ոչ միայն որպես բնապահպանական, այլ նաև որպես մարդու իրավունքների հարց։ Մեր 2021–2030 թթ. Ազգային մակարդակով սահմանված գործղությունները (NDC-ներ) վերահաստատում են մեր հանձնառությունը՝ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնել 1990 թվականի մակարդակի համեմատ 40 տոկոսով։ Այս քայլերը միտված են հանրային առողջության պաշտպանությանը»,-նշել է Արամ Մեյմարյանը։
Նախարարի տեղակալը կարևորել է նաև Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ՝ COP17 համաժողովի հյուրընկալումը 2026 թվականին՝ որպես երկկողմ և բազմակողմ բնապահպանական համագործակցության հզոր ազդակ.
«Այս միջոցառումը մեզ համար բացառիկ հնարավորություն է՝ ոչ միայն նպաստելու գլոբալ բնապահպանական օրակարգի առաջխաղացմանը, այլ նաև ցույց տալու մեր իսկ ազգային հանձնառությունների իրականացումը Կոնվենցիայի և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի շրջանակներում։ Հայաստանը շարունակելու է իր քայլերը՝ միտված մարդու և բնության իրավունքների համադրմանը, իսկ այս զեկույցի ներկայացումը ևս մեկ վկայություն է՝ իր հանձնառությունների հանդեպ հետևողական վերաբերմունքի»։
Հայաստանի Հանրապետության չորրորդ ազգային զեկույցի քննարկումը ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում միջազգային հանրության կողմից արժանացել է զգալի հետաքրքրության։ Նիստի ընթացքում շուրջ 100 անդամ-պետությունների ներկայացուցիչներ հանդես են եկել ելույթներով՝ ընդհանուր առմամբ բարձր գնահատելով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից վերջին տարիներին իրականացված քայլերը։ Հատուկ ընդգծվել են օրենսդրական և ինստիտուցիոնալ բնույթի բարեփոխումները, որոնք միտված են մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, ժողովրդավարական գործընթացների խթանմանը և արդիական կառավարման համակարգերի ձևավորմանը։