ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.02.2022
Սևանա լճի ավազանի հիդրոօդերևութաբանական պայմանները 2021 թվականի հունիսից 2022 թվականի հունվար ժամանակահատվածի համար

2021 թվականի հունիս ամսին Սևանա լճի ավազանի ողջ տարածքում դիտվել է խիստ չոր եղանակային պայմաններ, տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 2-20%-ը, իսկ Վարդենիսի հատվածում ողջ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել։ Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 5-6 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։
Հուլիսին և օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը շարունակել է նորմայից բարձր մնալ 1-2 աստիճանով, տեղումների քանակը որոշակիորեն աճել է, հուլիսին կազմելով նորմայի 70-120%-ը, իսկ օգոստոսին նորմայի 54-117%-ը։
Սեպտեմբեր և նոյեմբեր ամիսներին օդի ամսական միջին ջերմաստիճանը հիմնականում նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, հոկտեմբերին այն եղել է նորմայի սահմաններում։ Տեղումների քանակը երեք ամիսներին էլ Սևանի ավազանի գերակշռող մասում նորմայից ցածր է եղել, կազմելով նորմայի 50-80%-ը։
Դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1-2 աստիճանով, տեղումների քանակը կազմել է նորմայի  15-60%-ը, բացառությամբ Սևանի հատվածի, որտեղ այն կազմել է նորմայի 140%-ը։
2022 թվականի հունվարի օդի ամսական միջին ջերմաստիճանը տատանվել է  -5…-7 աստիճանի սահմաններում, որը կլիմայական նորմայի սահմաններում է։ Տեղումների քանակը Ճամբարակի և Շորժայի հատվածում կազմել է նորմայի 25-38%-ը, Մարտունիի, Սեմյոնովկայի և Գավառի հատվածում  նորմայի 70-75%-ը, իսկ մնացած հատվածներում  կազմել է նորմայի սահմաններում։ 
Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի հունվարին տեղումների քանակը գրեթե կրկնակի ավել է եղել այս տարվա հունվարի տեղումներից (կազմել է նորմայի 110-180%-ը), որի արդյունքում լճի մակարդակը 2021 թվականի հունվարին մնացել է անփոփոխ, իսկ 2022 թվականին իջել է 4սմ-ով։ 
Ընդհանուր առմամբ եթե ամփոփենք վերջին 8 ամիսների տվյալները, ապա  այդ ժամանակահատվածում Սևանի ավազանում դիտվել է բավականին չոր և նորմայից բարձր ջերմային ֆոնով եղանակակլիմայական պայմաններ։
Սևանա լճի մակարդակը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 1900.52մ, որը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 9սմ-ով։ 2021թվականի ընթացքում լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.91մ, որը դիտվել է հունիսի 4-8-ին։ Տարեվերջին՝ 2021թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ լճի մակարդակը կազմել է 1900.43մ, որը հունվարի 1-ի մակարդակից ցածր է եղել 9սմ-ով, իսկ տարեկան առավելագույն մակարդակից 48սմ-ով։
2021 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրապետությունում հաստատված անոմալ եղանակային պայմանները Սևանա լճի վրա ունեցան  բացասական ազդեցություն։ Մասնավորապես հունիս ամսին բարձր ջերմաստիճաններով պայմանավորված Սևանա լճի ջրային հաշվեկշռի ելքի բաղադրիչներից ամսական գոլորշացումը գերազանցել է այդ ամսվա պատմական առավելագույնը կազմելով՝ 153.7 մլն.խոր.մ, որը համարժեք է լճի ջրի մակարդակի մոտ 12 սմ հաստությամբ շերտի, իսկ լճի մակերևույթին թափված տեղումները կազմել են՝ 4.80 մլն.խոր.մ, որը այդ ամսվա պատմական նվազագույն արժեքից մոտ 4.3 անգամ փոքր է եղել, գետային ներհոսքը լիճ կազմել է ամսական նորմայի՝ 44%-ը։ 
Բացի դա նման եղանակային պայմաններում Սևանա լճից ջրառը, նախատեսված ժամկետից ավելի վաղ է սկսվել, սովորաբար ջրառը լճից իրականացվում է հունիսի 2-րդ տասնօրյակից, իսկ 2021թվականին սկսվեց մայիսի 25-ից և շարունակվեց մինչև սեպտեմբերի 28-ը։ 
Հունիս ամսին դիտված անոմալ եղանակային պայմաններով պայմանավորված 2021թվականի հունիսի 8-ից սկսած լճի մակարդակը ինտենսիվ կերպով իջել է, ընդ որում հարկ է նշել, որ հունիս ամսվա ընթացքում Սևանա լճի մակարդակը միջինում բարձրանում է 8 սմ-ով, ապա 2021թ-ի հունիսին լճի մակարդակը իջել է  10սմ-ով:
2021թվականի հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում գետերով Սևանա լիճ ներհոսքը կազմել է՝ 237.5մլն.խոր.մ, որը կազմում է նորմայի 72%-ը, լճի մակերևույթի վրա թափված տեղումների քանակը կազմել է 173.9 մլն.խոր.մ (նորմայի 62 %-ը)։ Լճի մակերևույթից գոլորշացումը հունիս-դեկտեմբեր ժամանակահատվածում կազմել է 953.4 մլն.խոր.մ, որը կազմել է նորմայի՝ 110%-ը: 
Սևանա լճից բաց թողնված ջրի քանակը 2021թվականի ընթացքում կազմել է 227.651 մլն խոր.մ (25.05.2021-28.09.2021թ.), իսկ Արփա-Սևան ջրատար թունելով Սևանա լիճ տեղափոխված ջրի ծավալը (այդ թվում ստորերկրյա ներհոսքը) կազմել է 157.447 մլն խոր.մ (31.12.2021թ.):