Հայաստանը պաշտոնապես միացել է Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության կողմից ներկայացված և Բրազիլիայի ու Դանիայի համանախագահությամբ ձևավորված «NDC Action Now – գործողություններ վճռորոշ պահին» հռչակագրին՝ վերահաստատելով իր հանձնառությունը կլիմայական փոփոխությունների դեմ համատեղ, արագացված և արդյունավետ գործողություններին։
Հռչակագիրը կոչ է անում անդամ երկրներին և հաստատություններին ավելի արագ և համապարփակ իրականացնել իրենց Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (NDCs)՝ ամրապնդելով համաշխարհային ջանքերը, որոնք ուղղված են ջերմաստիճանի աճը սահմանափակելուն և մարդու ու բնության համար անվտանգ ու կայուն ապագա ապահովելուն։
Հռչակագրին միանալով՝ Հայաստանը ընդգծում է իր պատրաստակամությունը.
- խթանել կլիմայական քաղաքականության իրականացումը,
- աջակցել թափանցիկ, հաշվետու ու տվյալահեն գործողություններին,
- ներգրավել միջազգային գործընկերներին ֆինանսավորման և տեխնոլոգիական աջակցության համար,
- զարգացնել տեղական կարողությունները և խթանել ցածր ածխածնային հետագծով տնտեսական զարգացումը։
Կլիմայական ճգնաժամը պահանջում է համախմբված և համարձակ գործողություններ։ Հայաստանը պատրաստ է շարունակել իր ակտիվ ներդրումը համաշխարհային ջանքերում՝ ուղղված կայուն զարգացման և բնության պահպանության նպատակներին:



