Երևանում կայացել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցի երկրորդ հանդիպումը: Հանդիպման նպատակն էր Մոնրեալի արձանագրության իրականացման փորձի և լավագույն պրակտիկայի փոխանակումը տարածաշրջանի երկրների միջև։ Միջոցառումը կազմակերպվել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համատեղ ջանքերով։ Հանդիպմանը մասնակցել են Մոնրեալի արձանագրության ազգային պատասխանատուներ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներից, ինչպես նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), Օզոնային շերտի պահպանության քարտուղարության ներկայացուցիչներ։ Միջոցառման բացման արարողությանը ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, որը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել համագործակցության համար։ «Հայաստանը սիրով հյուրընկալում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի «ՕզոնԷքշն» մասնաճյուղի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի հերթական հանդիպումը։ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերի շնորհիվ մեր երկիրը ապահովում է Վիեննայի կոնվենցիայով և Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը՝ միաժամանակ հզորացնելով ոլորտային ինստիտուցիոնալ կարողությունները։ Կիգալիի փոփոխությունը, որն Հայաստանը վավերացրել է 2019 թվականին, միտված է օզոնաքայքայիչ և ֆտորացված գազերի վերահսկման միջոցով նպաստել կլիմայի փոփոխության մեղմմանը։ Համոզված եմ, որ այս հանդիպումը կնպաստի մեր երկրների միջև փորձի փոխանակմանը և արդյունավետ համագործակցության խորացմանը»,-նշել է նախարարի տեղակալը։ Հանդիպման օրակարգը ներառել է Մոնրեալի արձանագրության շրջանակում իրականացվող ծրագրերի առաջընթացի ներկայացումներ, էներգախնայողության և սառնարային համակարգերի անվտանգության թեմաներ, գենդերային մոտեցումների ինտեգրման լավագույն փորձի քննարկումներ, ինչպես նաև փորձի փոխանակում ֆտորացված գազերի փուլային նվազեցման, լիցենզավորման և մոնիթորինգի ոլորտներում։ Հանդիպման արդյունքներով մասնակիցները քննարկել են տարածաշրջանային առաջնահերթությունները 2026 թվականի համար՝ ընդգծելով միջազգային համագործակցության շարունակականության, գիտելիքի փոխանակման և նորարարական մոտեցումների կարևորությունը։
