ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.10.2025
Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը՝ ազգային ռազմավարությունների համադրման շրջանակում» աշխատանքային հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը՝ ազգային ռազմավարությունների համադրման շրջանակում» խորագրով աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա էին ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերը, ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Ֆրանսուազ Ժակոբը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Բացման խոսքում նախարարը նշել է, որ այս հանդիպումը չափազանց կարևոր է կենսաբազմազանության պահպանման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացների արդյունավետ համադրման տեսանկյունից։ Նա ընդգծել է, որ աշխարհը կանգնած է ընդհանուր բնապահպանական մարտահրավերների առջև, որոնցից երկուսը՝ կենսաբազմազանության կորուստը և կլիմայի փոփոխությունը, փոխկապակցված են և խորապես ազդում են միմյանց վրա՝ առաջացնելով էկոհամակարգային և սոցիալ-տնտեսական լուրջ հետևանքներ։
Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ Հայաստանի առաջնային խնդիրն է ձևավորել միավորված և սիներգիկ մոտեցում, որը կապահովի, որ կլիմայի փոփոխության մեղմման, հարմարվողականության և կենսաբազմազանության պահպանման քաղաքականությունները գործեն փոխլրացնող և փոխաջակցող ձևով։ Այս նպատակով ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը» (NBSAP), որը լինելու է երկրի բնապահպանական քաղաքականության հիմնասյուներից մեկը։
Նախարարը ներկայացրել է, որ նոր ռազմավարությունը սահմանում է մինչև 2030 թվականը իրականացվելիք 30 ազգային թիրախ՝ ուղղված էկոհամակարգերի վերականգնմանը, կենսաբազմազանության կորուստի դանդաղեցմանը, բնական տարածքների կայուն կառավարմանը, բնության վրա հիմնված լուծումների խթանմանը և բնապահպանական կրթության ընդլայնմանը։ Հայաստանի երկարաժամկետ տեսլականն է մինչև 2050 թվականը դառնալ կենսաբազմազանությամբ հարուստ, կայուն և կլիմայադիմացկուն երկիր։
Նախարարը նշել է, որ Հայաստանը հետևողականորեն իրականացնում է իր հանձնառությունները ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի շրջանակում։ Գործող Ազգային մակարդակով սահմանված գործողությունների ծրագիրը (NDC) նպատակ ունի մինչև 2030 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումները առնվազն 40 տոկոսով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ։ Ներկայումս մեկնարկել է NDC 3.0 փուլի (2026–2035) մշակումը, որը լինելու է ավելի հավակնոտ և ընդգրկուն՝ ներառելով վերականգնվող էներգետիկայի զարգացում, էներգաարդյունավետություն, կլիմայադիմացկուն ենթակառուցվածքներ, հարմարվողական գյուղատնտեսություն և ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում։
Համբարձում Մաթևոսյանը կարևորել է նաև գործընթացի մասնակցային և թափանցիկ ձևաչափը՝ ընդգրկելով պետական մարմիններ, համայնքներ, գիտական և մասնավոր հատվածը, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը։ Նա նշել է, որ նման մոտեցումը հնարավորություն է տալիս ձևավորելու ազգային բնապահպանական քաղաքականության ամուր և արդյունավետ համակարգ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի կենսաբազմազանության ազգային ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, ինչպես նաև 2026–2035թթ. ժամանակահատվածի համար նախատեսված Ազգային մակարդակով սահմանված ներդրումները (NDC 3.0)։
Նախարարն ընդգծել է, որ համատեղ և համակարգված աշխատանքը հնարավորություն կտա Հայաստանին դառնալ տարածաշրջանում առաջատար օրինակ՝ համադրելով բնության պահպանումը, տնտեսական առաջընթացը և մարդու բարեկեցությունը։