ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.06.2025
Երևանում անցկացվել է «Կանաչ մաքսատուն» թեմայով երկօրյա դասընթացը

Երևանում անցկացվել է «Կանաչ մաքսատուն» թեմայով երկօրյա դասընթաց՝ իրավակիրառ, տեսչական և կոնվենցիաներով նշանակված ազգային մարմինների համար:
Դասընթացը կազմակերպվել է «Քիմիական նյութերի և թափոնների արդյունավետ կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության ազգային կարողությունների զարգացում՝ Ստոկհոլմի, Բազելի, Ռոտերդամի, Մինամատայի կոնվենցիաների և Քիմիական նյութերի միջազգային կառավարման ռազմավարական մոտեցումների (SAICM) իրագործման նպատակով» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի և շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը` իր ելույթում նշելով, որ քիմիական նյութերի արդյունավետ կառավարման և թափոնների գործածության համար կարևոր հայեցակետ է հանդիսանում միասնական գործունեության համակարգի մշակման անհրաժեշտությունը, որն ընդգրկում է քիմիական նյութերի և թափոնների գործածության բոլոր փուլերը` ներառյալ դրանց արտադրությունը, արտահանումը, ներկրումը, պահումը, փոխադրումը, տեղաբաշխումը, օգտագործումը և հեռացումը:
Դասընթացի մասնակիցներին ողջունել են նաև ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի «Կանաչ մաքսատուն» նախաձեռնության, Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաների քարտուղարությունների, Մոնտեվիդեոյի էկոլոգիական իրավունքի ծրագրի ներկայացուցիչները:
Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաների հիմնական նպատակն է նպաստել վտանգավոր քիմիական նյութերի վնասակար ազդեցությունից մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանությանը:
Դասընթացը կազմակերպվել էր վերոհիշյալ կոնվենցիաներով նշանակված ազգային մարմինների, մաքսային ու տեսչական մարմինների և շահագրգիռ կողմերի համար՝ քիմիական նյութերի ու թափոնների ներմուծման և արտահանման վերաբերյալ՝ Բազելի, Ռոտերդամի, Ստոկհոլմի և Մինամատայի կոնվենցիաներից բխող պարտավորութուններն իրականացնելու ու դրանց պահպանումն ապահովելու նպատակով:
Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի, առողջապահության, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, մաքսային ծառայության, ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության, բնապահպանության և ընդերքի, առողջապահության և աշխատանքի, սննդամթերքի անվտանգության և շուկայի վերահսկողության տեսչական մարմինների և վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչները:
Դասընթացի ընթացքում գործնական վարժություններ են անցկացվել Համաշխարհային մաքսային կազմակերպության համապատասխանության և աջակցության հարցերով տեխնիկական կցորդ Ջիաբին Ցինի, ինչպես նաև ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի մաքսային փորձագետ Խայբ վան Վեստենի կողմից: