ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.12.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «GBFF-ի ամբողջ ներուժի բացում. վերջին առաջընթացը և աջակցման հնարավորությունները» խորագրով տեղեկատվական միջոցառմանը

Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային հիմնադրամի (GBFF) ամբողջ ներուժի բացում. վերջին առաջընթացը և աջակցման հնարավորությունները
Քենիայում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից կազմակերպված «GBFF-ի ամբողջ ներուժի բացում. վերջին առաջընթացը և աջակցման հնարավորությունները» խորագրով տեղեկատվական միջոցառմանը և հանդես եկել ելույթով։
Միջոցառումը հիմնադրամի խորհրդի հինգերորդ նիստին ընդառաջ  նպատակ ուներ ներկայացնելու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակային հիմնադրամի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները։
Միջոցառմանը քննարկվել են հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական աջակցության ընդլայնումը, աջակցությունը  զարգացող երկրներին, ինչպես նաև համագործակցության խորացումը միջազգային ֆինանսական հաստատությունների հետ։
Իր ելույթում  բարձր է գնահատել GBFF-ի արագ գործարկումն ու արդեն իսկ արձանագրած արդյունքները՝ ընդգծելով, որ հիմնադրամը դարձել է կարևոր գործիք Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների գործնական իրականացման համար։
Նախարարը նշել է, որ հիմնադրամը նպաստում է ոչ միայն ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիային, այլև նորարար ֆինանսական մոտեցումների ներդրմանը և երկրների կարողությունների զարգացմանը։
Կարևորել է նաև բնիկ ժողովուրդների և համայնքների ներգրավվածությունը՝ շեշտելով, որ նրանց գիտելիքն ու փորձը կենսաբազմազանության պահպանության գործում պետք է դիտարկվեն որպես կենսական կարևորության բաղադրիչ։ Այս համատեքստում ընդգծել է GBFF-ի դերակատարումը համայնքահեն նախաձեռնությունների աջակցման գործում։
Ելույթի ընթացքում անդրադարձ է կատարել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին (COP17), որը կկայանա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերին։
COP17-ի շրջանակում պատրաստ ենք նպաստելու համախմբված, ներառական և գործնական լուծումների առաջմղմանը՝ ուղղված բնության պահպանությանը և կենսաբազմազանության ֆինանսավորման գործիքների առավել արդյունավետ կիրառմանը՝ ի նպաստ ներկա և ապագա սերունդների։