ՆԳՆ փրկարար ծառայությունում քննարկվել են անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկմանը, կանխարգելմանն ու օպերատիվ արձագանքման խնդիրներին առնչվող հարցեր:
Նիստին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն իր խոսքում կարևորել է ծառայության լիազորությունների իրականացումը՝ հրդեհների կանխարգելման և արտակարգ պատահարներին անհետաձգելի արձագանքման ուղղությամբ։ Կիրակոսյանի խոսքով՝ էկոպարեկային ծառայությունն անտառային հրդեհների կանխարգելման գործում ստանձնել է առաջատար դերերից՝ իրազեկումից մինչև անհետաձգելի արձագանք։ «Մեր սկզբունքն է՝ չսպասել հրդեհի բռնկմանը, այլ գործել այնպես, որ այն ընդհանրապես տեղի չունենա»,- ասել է Կիրակոսյանը՝ շեշտելով՝ ծառայությունը շարունակում է ուժեղացնել համագործակցությունը բոլոր գործընկեր կառույցների հետ՝ ապահովելու կանխարգելման և արձագանքման առավել ամբողջական համակարգ։
Նիստի ընթացքում քննարկվել են.
- հրդեհավտանգ տարածքների մանրամասն վերլուծությունն ու գնահատումը՝ նպատակ ունենալով հայտնաբերել ռիսկային գոտիները և մշակել կանխարգելիչ միջոցառումներ,
- օպերատիվ արձագանքման համակարգի կարողությունների գնահատումը, առկա մարտահրավերների բացահայտումն ու արդյունավետ լուծումների մշակումը,
- հասարակության իրազեկման և կրթական արշավների կարևորությունը՝ բնակչության ներգրավվածությունը հրդեհների կանխարգելման գործընթացում բարձրացնելու նպատակով,
- միջգերատեսչական և հանրային համագործակցության ընդլայնման հնարավորությունների ուսումնասիրումը՝ համալիր և համակարգված արձագանք ապահովելու նպատակով։
Կամո Ցուցուլյանն իր ելույթում ընդգծել է էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ներդրման և գործունեության պաշտոնական մեկնարկի կարևորությունը ինչպես մեր երկրի, այնպես էլ տարածաշրջանի բնապահպանական ոլորտի համար, ապա կարևորել է նաև ծառայության մյուս մարզային վարչությունների գործարկումը։ Ցուցուլյանն առաջարկել է Սյունիքի մարզային վարչության էկոպարեկային ծառայողների և փրկարարների միջև կազմակերպել ուսումնավարժական համատեղ միջոցառումներ՝ հմտությունների կատարելագործման և փոխգործակցության ամրապնդման նպատակով։
Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև ոլորտային գործողությունների ճշգրտմանը, պլանավորմանը և հաղորդակցության մեխանիզմների բարելավմանը վերաբերող հարցեր։