ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2026
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսական հարցերով պետքարտուղար տիկին Էմմա Ռեյնոլդսի հետ

Հայաստանի Հանրապետության  պատվիրակությունը Մանչեսթերում է՝  մասնակցելու Կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների վերաբերյալ միջկառավարական գիտաքաղաքական հարթակի՝ IPBES 12-րդ լիագումար նիստին։
Միջազգային գործընկերների հետ արդյունավետ երկխոսության և ոլորտային առաջնահերթությունների համադրման նպատակով՝ այցի շրջանակում նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ։
Այսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի Շրջակա միջավայրի, պարենի և գյուղատնտեսական հարցերով պետքարտուղար  տիկին Էմմա Ռեյնոլդսի հետ։
Հանդիպման առանցքում COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու գործընկերության խորացման հնարավորություններն էին՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանը ստանձնել է 2026 թվականին COP17-ի հյուրընկալող երկրի պատասխանատվությունը։
Հանդիպմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Վարուժան Ներսեսյանը։
Քննարկման ընթացքում վերահաստատեցին ընդհանուր հանձնառությունը՝ COP17-ի հաջող կազմակերպմանն ու բովանդակային արդյունքների ապահովմանը նպաստելու ուղղությամբ։ Տիկին Ռեյնոլդսը հաստատեց Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը՝ աջակցելու COP17-ին՝ մասնավորապես փորձի փոխանակմամբ  և տեխնիկական աջակցության ներգրավմամբ։
Առանձնապես կարևորեցին Cali Fund նախաձեռնության շուրջ առաջիկա աշխատանքները։ Քննարկեցին Մեծ Բրիտանիայի փորձի հիման վրա Հայաստանի կարողությունների ամրապնդման հնարավորությունը՝ թեմատիկ աշխատաժողովների և խորհրդատվության միջոցով՝ COP16-ի արդյունքների, առաջիկա քայլերի և մասնավոր հատվածի ներգրավման ուղղությամբ։
Հայաստանը 2025 թվականի դեկտեմբերին միացել է Friends of the Cali Fund խմբին։
Հանդիպման ընթացքում քննարկեցին կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգային ծառայությունների գնահատմանն առնչվող առաջնահերթ թեմաները՝ ընդգծելով քաղաքականության և ծրագրային որոշումների մեջ գիտական գնահատումների արդյունքների ներառման կարևորությունը։
Նախարարը շնորհակալություն հայտնեց տիկին Ռեյնոլդսին կառուցողական և գործնական քննարկման համար։ 
Համոզված լինելով, որ այս երկխոսությունը և գործընկերության խորացումը նպաստելու են COP17-ի հաջողությանը՝ ամրապնդելով կենսաբազմազանության օրակարգը և միջազգային համագործակցության արդյունավետությունը։