ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.11.2025
COP30-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է Հայաստանի ազգային զեկույցը

Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում անցկացվող COP30-ի շրջանակում «Կլիմա-բնություն. սիներգիկ կապի ամրապնդում COP30-ում» բարձրաստիճան միջոցառմանը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը  ներկայացրել է Հայաստանի ազգային զեկույցը՝ անդրադառնալով երկրի կլիմայական խոցելիությանը, իրականացվող բարեփոխումներին և միջազգային համագործակցության կարևորությանը։ 
Հայաստանը, լինելով լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկիր, զգալիորեն տուժում է կլիմայի փոփոխության հետևանքներից, որոնք անմիջական ազդեցություն են թողնում գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, կենսաբազմազանության, առողջապահության և համայնքների կենսապայմանների վրա։ 
Սակայն, Հայաստանը կլիմայական մարտահրավերներին հակազդելու գործում առաջնորդվում է հավակնոտ, բայց միաժամանակ համերաշխության, արդարության և միջազգային համագործակցության սկզբունքներով։ 
Նախարարը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին իրականացված էական բարեփոխումները՝ ընդգծելով Կլիմայի մասին համապարփակ  օրենքի մշակումը, երկխոսությունների և ռազմավարական փաստաթղթերի՝ ներառյալ  հանրապետության ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության և թարմացված՝ ավելի հավակնոտ երրորդ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների ( NDC ) ձևավորումը։ 
Առանձնացրել է վերականգնվող էներգետիկայի զարգացման ոլորտում Հայաստանի առաջընթացը՝ նշելով, որ մեր երկիրը նախատեսում է մինչև 2030 թվականը վերականգնվող աղբյուրներից արտադրած էլեկտրաէներգիայի բաժինը հասցնել 50 տոկոսի, իսկ 2040-ին՝ մոտ 60 տոկոսի։ 
Միաժամանակ  ընդգծել է, որ ատոմային էներգետիկան շարունակում է մնալ Հայաստանի մաքուր և կայուն էներգետիկ համակարգի կարևոր բաղադրիչը՝ ապահովելով ինչպես կլիմայական նպատակների իրականացումը, այնպես էլ էներգետիկ անվտանգությունը։ 
Կարևորել է նաև անտառների վերականգնման և ընդլայնման լայնածավալ ծրագրերը, որոնք միտված են էկոհամակարգերի պահպանմանը, կենսաբազմազանության պաշտպանությանն ու համայնքների դիմադրողականության բարձրացմանը։
Հատուկ ընդգծել է, որ 2026 թվականին Երևանը կհյուրընկալի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովը՝ CBD COP17-ը, որը կարևոր հանգրվան է լինելու Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման  համաշխարհային վերանայման և գնահատման համար։ Այս համատեքստում  կարևորել եմ Ռիոյի երեք կոնվենցիաների միջև սիներգիայի խորացումը՝ նշելով, որ կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կրճատումը փոխկապակցված ճգնաժամեր են, որոնք հնարավոր է հաղթահարել միայն միասնական, համակարգային և հավակնոտ  մոտեցումներով։
Նախարարն իր ելույթն ավարտել է վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակել առաջընթացը, ամրապնդել միջազգային համագործակցությունը և համատեղ ջանքերով նպաստել   կայուն զարգացմանն ուղղված գլոբալ գործողություններին։