Հայաստանի ամերիկյան համալսարանում այսօր հանդիսավորությամբ մեկնարկեց «Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը, որն իրականացրել են շրջակա միջավայրի նախարարությունը և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) հետ համագործակցությամբ։
Միջոցառումը նշանավորում է նոր և կարևոր փուլ Հայաստանի բնապահպանական քաղաքականության և միջազգային հանձնառությունների իրականացման ճանապարհին։ Այն հարթակ էր՝ մեկտեղելու պետական, ակադեմիական, միջազգային ու քաղաքացիական համայնքների ձայները՝ կենսաբազմազանության պահպանության համատեղ ջանքերն առավել համակարգված ու նպատակային դարձնելու։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ շրջակա միջավայրի նախարարը՝ անդրադառնալով COP17 համաժողովի կարևորությանը, Հայաստանի պատրաստակամությանը և այն սկզբունքներին, որոնք առաջնորդում են երկրի բնապահպանական ռազմավարությունը։
Ելույթներով հանդես եկան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայասատանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանը, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը։
Նախարար Համբարձում Մաթևոսյանն իր ելույթում մասնավորապես նշեց․
«Հայաստանը Կենսաբազմազանության մասին կոնվենցիային միացել է դեռևս 1993 թվականին և այդ պահից ի վեր հետևողականորեն իրականացնում է իր պարտավորությունները։ Այսօր մեր երկիրը առաջնորդվում է Կունմին–Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակով՝ հստակ ռազմավարությամբ և գործողությունների ծրագրերով, որոնք ծառայում են որպես ոչ միայն քաղաքական ուղեցույց, այլև գործնական ճանապարհային քարտեզ։
Մինչև 2030 թվականը Հայաստանի տեսլականը հետևյալն է՝ դառնալ այն երկիրը, որտեղ կենսաբազմազանության պահպանումը դիտարկվում է ոչ թե որպես առանձին բնապահպանական խնդիր, այլ որպես ազգային անվտանգության, տնտեսական առաջընթացի և սոցիալական կայունության հիմնասյուն»։
Նախարարը իր երախտագիտությունը հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին, Կենսաբազմազանության կոնվենցիայի թիմին, ինչպես նաև բոլոր միջազգային ու տեղական գործընկերներին, գիտական հանրույթին, երիտասարդներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ իրենց ակտիվ ներգրավվածության, համատեղ տեսլականը կիսելու և արդյունավետ համագործակցության պատրաստակամության համար։
«Ճանապարհ դեպի COP17» նախաձեռնությունը եզակի հնարավորություն է՝ համախմբելու ազգային ջանքերը և միջազգային հարթակներում բարձրաձայնելու Հայաստանի հավակնոտ, բայց իրատեսական օրակարգը՝ հանուն բնության, մարդկանց և ապագա սերունդների բարօրության։
Հայաստանը շարունակելու է այս կարևոր ճանապարհը՝ գիտակցելով, որ միայն համախմբված ուժերով հնարավոր է կերտել ավելի կանաչ, կայուն և կենսունակ ապագա։
Միջոցառմանը բանախոսություններով հանդես եկան ՇՄՆ Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն կենսաբազմազանության փորձագետ Արսեն Գասպարյանը, ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի ներկայացուցիչ, 2025-2030 թթ․ ԿԱՌԳԾ մշակող թիմի ղեկավար Արեգ Կարապետյանը։
