ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.10.2025
Կայացել է «Ճանապարհ դեպի COP17» միջազգային համաժողովը

Երևանում կայացավ «Ճանապարհ դեպի COP17» միջազգային համաժողովը:
Համաժողովը նվիրված Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական գործընթացին և Հայաստանի դերին համաշխարհային կենսաբազմազանության օրակարգում։
Համաժողովը կազմակերպվել էր Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Ամերիյան համալսարանի Յակոբեան  բնապահպանական կենտրոնի նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի քարտուղարության, Եվրոպական միության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և մի շարք գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ։
Միջոցառմանը մասնակցեցին պետական կառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների, գիտական և կրթական հաստատությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Համաժողովի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ընդգծելով, որ COP17-ի անցկացման պատիվն ու պատասխանատվությունը Հայաստանի համար հնարավորություն են հանդես գալու որպես նախաձեռնող և պատասխանատու երկիր՝ համաշխարհային բնապահպանական գործընթացներում.
«Հայաստանը պատրաստվում է COP17-ին ոչ թե պարզապես որպես հյուրընկալող երկիր, այլ որպես պետություն, որն ունի հստակ տեսլական և արժանապատիվ դեր համաշխարհային բնապահպանական քաղաքականության ձևավորման մեջ։ Մենք հավատում ենք, որ փոքր պետություններն էլ կարող են ունենալ մեծ ազդեցություն, երբ առաջնորդվում են հստակ նպատակներով և համատեղ մոտեցմամբ»։
Համաժողովի ընթացքում քննարկվեցին կենսաբազմազանության պահպանությանը, լանդշաֆտների վերականգնմանը, բնահեն գյուղատնտեսությանը, էկոհամակարգային ծառայություններին, ինչպես նաև կենսաբազմազանության ֆինանսավորման նորարարական մեխանիզմներին առնչվող հարցեր։
Բանախոսների թվում էին միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ այդ թվում Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի քարտուղարությունից, ՄԱԿ-ի Բնապահպանական ծրագրից (UNEP), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից (UNDP), BIOFIN նախաձեռնությունից, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից, Բնության համաշխարհային հիմնադրամից և այլ գործընկեր կառույցներից։
Միջոցառմանը ներկայացվեց  Հայաստանի փորձն ու առաջնահերթությունները կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգերի վերականգնման ոլորտներում։