ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Պանամայում մասնակցել է «ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործընթացներում գիտելիքակիրների դերի հզորացում. կարողությունների զարգացման նախաձեռնությունների խթանում աշխարհում» խորագրով հարակից միջոցառմանը։
Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է կարողությունների զարգացման հավասարակշռված և համակարգված մոտեցումը՝ ընդգծելով գիտական-տեխնիկական, քաղաքական-իրավական, ավանդական և տեղական գիտելիքների, ինչպես նաև ինստիտուցիոնալ և բանակցային կարողությունների հզորացման անհրաժեշտությունը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի նպատակների արդյունավետ իրականացման համար։
Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանի ներգրավվածությունը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի և միջազգային գործընկերների կողմից իրականացվող կարողությունների զարգացման ծրագրերում՝ շեշտելով, որ դրանց միջոցով ամրապնդվում է ազգային պլանավորման, քաղաքականության ձևավորման և միջազգային բանակցություններին արդյունավետ մասնակցության ներուժը։
Նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել և ընդլայնել իր մասնակցությունը Կոնվենցիայի շրջանակում իրականացվող նախաձեռնություններին՝ այդ թվում Հայաստանում COP17-ի հյուրընկալման շրջանակում։


