ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.09.2025
Իրավահեն կլիմայական հարմարվողականությունը Հայաստանում

Տեղի է ունեցել «Իրավահեն կլիմայական հարմարվողականությունը Հայաստանում և Վրաստանում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։  Ծրագրի շրջանակում հայկական թիմը Շվեդիայի Լունդի համալսարանի և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի առաջարկած գործիքակազմով մշակել է «Իրավահեն կլիմայական հարմարվողականության խթանումը Հայաստանի տնտեսության ջրային ոլորտում. ջրի իրավունք» խորագրով զեկույցի նախագիծ։ Զեկույցի նախագիծն արտացոլում է այն հիմնական կետերն ու համատեղ եզրակացությունները, որոնց հանգել է  Հայաստանի հանրային կառավարման ոլորտի ներկայացուցիչներից բաղկացած թիմը, որում շրջակա միջավայրի նախարարությունից ընդգրկվել են իրավախորհրդատու Մարի Չաքրյանը և «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի կազմակերպիչ Սիլվա Այվազյանը։
Զեկույցի նախագծի քննարկմանը մասնակցել են Լունդի համալսարանի պրոֆեսոր Մո Համզան և Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի դոկտոր Մեթյու Սքոթը, ծրագրի ղեկավար Իդա Բուրգետե Հոլմգրենը, տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 
Այս նախաձեռնության ելակետը Փարիզի համաձայնագրի կոչն է կողմ երկրներին՝ կլիմայական փոփոխության ուղղությամբ ստանձնած պարտավորությունների իրականացման գործողություններ ձեռնարկելիս հարգել, խթանել և հաշվի առնել մարդու իրավունքները, մասնավորապես առողջության իրավունքը, բնիկ ժողովուրդների, տեղական համայնքների, փախստականների, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի վիճակում գտնվող մարդկանց իրավունքները, ինչպես նաև գենդերային հավասարության, կանանց հզորացման և սերունդների միջև հավասարության ապահովման հարցերը։ 
Հաշվի առնելով ջրային ոլորտի խոցելիությունը կլիմայի փոփոխության համատեքստում, ինչպես նաև ջրի սակավության պատճառած մարդկային և տնտեսական լուրջ հետևանքները՝ ծրագրի հայ մասնակիցները որոշել են կենտրոնանալ ջրի իրավունքի վրա և քննարկել դրա կիրարկման համար լավագույն փորձի ներդրման հնարավորությունները։
Քննարկման նպատակն էր ներկայացնել զեկույցի նախագծում արտացոլված համախմբված դիտարկումները, առաջարկություններն ու դիտողությունները, որի ամփոփված վերջնական տարբերակը նախատեսված է հրապարակել՝ որպես նոր մոտեցմամբ երկրի կլիմայական հարմարվողականության բարելավման մեկնարկային ուղեցույց։ 
Քննարկումը իրավահեն մոտեցումները բաց և ներառական միջավայրում քննարկելու հնարավորություն ընձեռեց: