Ազգային ժողովի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 14-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կլիմայի մասին» նոր օրենքի նախագիծը և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը նշել է, որ Հայաստանը վավերացրել է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան և դրա ներքո ընդունված Փարիզյան համաձայնագիրը, որով երկիրը ստանձնել է ջերմոցային գազերի կրճատման կամավոր հանձնառություն:
- Օրենքով կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման, արդյունքների հաշվետվողականության և համակարգման ինստիտուցիոնալ շրջանակը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև իրավահարաբերությունները։
- Օրենքով նախատեսվում է կլիմայական քաղաքականությունների իրականացումն ապահովող համակարգերի (թույլտվությունների, հաշվառման, կորպորատիվ և ազգային հաշվետվողականության) և մեխանիզմների (շուկայական և ոչ շուկայական գործիքներ) ձևավորումն ու կատարելագործումը:
- Օրենքով սահմանվում են կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման համար անհրաժեշտ լիազորող նորմերը, սահմանվում են նաև ոլորտում կիրառելի հասկացությունները, ինչը կապահովի դրանց միատեսակ մեկնաբանությունը:
Առաջին ընթերցումից հետո օրենքը լրամշակվել և լավարկվել է, հաշվի են առնվել մի շարք դիտարկումներ, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարարին և ՅՈՒՆԻՍԵՖ-ին առընթեր Կլիմայի փոփոխության հարցերով երիտասարդական խորհրդի առաջարկությունը` օրենքի նախագիծը առավել երեխայակենտրոն դարձնելու նպատակով։

