UNEA-7-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է «Campaign for Nature» կազմակերպության ղեկավար Բրիան Օ՛Դոննելի հետ։
Քննարկել են 30x30 թիրախի` Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակի (GBF) իրականացման և ֆինանսավորման ուղղությամբ կազմակերպության աշխատանքը՝ ներառյալ UNEA-ում ներկայացվելիք հաշվետվությունը, որը գնահատում է 30x30-ին ուղղված միջազգային ֆինանսավորման ներկա մակարդակը, ինչպես նաև SPACES նախաձեռնությունը, որը օգնում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին մշակել ազգային՝ բյուջետավորված ծրագրեր։
«Հայաստանը շարունակում է ընդլայնել պահպանվող տարածքների ցանցը. մեր ազգային ռազմավարությամբ նպատակ ունենք մինչև 2030 թվականը պահպանվող տարածքների ընդգրկումը հասցնել 20%-ի (ներկայում՝ մոտ 13%)։ Միաժամանակ կարևորում ենք կառավարման արդյունավետության բարձրացումը և նոր օրենքի շուտափույթ ընդունումը, որը ներառում է նաև OECM-ները՝ այն տարածքները, որոնք չեն դասվում բնության հատուկ պահպանվող տարածքների կազմում, սակայն ճիշտ և արդար կառավարման դեպքում ապահովում են կենսաբազմազանության երկարաժամկետ պահպանումը։
Առջևում #COP17-ն է, որտեղ 30x30 թիրախը պետք է լինի օրակարգի կենտրոնում, և Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ համաշխարհային նպատակի առաջմղման գործում»,- նշել է նախարարը։


