ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.06.2025
Բիզնեսը, մարդու իրավունքներն ու շրջակա միջավայրը մեկ հարթակում

Նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը մասնակցել է միջազգային համաժողովի՝ նվիրված կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն ու մարդու իրավունքներին
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը մասնակցել է «Բիզնես և մարդու իրավունքներ. կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» խորագրով միջազգային համաժողովին, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությամբ։
Համաժողովը կարևոր հարթակ էր՝ քննարկելու մարդու իրավունքների, բնապահպանական հարցերի և բիզնես գործունեության փոխկապակցվածությունը՝ հատկապես Եվրոպայի խորհրդի ընդունած գործիքակազմի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համատեքստում։
Նախարարի տեղակալը «Մարդու իրավունքները և շրջակա միջավայրը միջազգային ներդրումների համատեքստում» խորագրով պանելային քննարկմանը հանդես է եկել որպես բանախոս։
Իր ելույթում Արա Մկրտչյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում գործող շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ընթացակարգը՝ ընդգծելով դրա առանցքային դերը թե՛ բնապահպանական անվտանգության, թե՛ մարդու առողջության, թե՛ հանրային շահերի պաշտպանության համատեքստում։
«ՇՄԱԳ-ն և փորձաքննությունը մեր երկրում հանդիսանում են այն հիմնական գործիքներից մեկը, որը թույլ է տալիս գնահատել նախատեսվող գործունեության հնարավոր բացասական ազդեցությունները, առաջարկել մեղմման միջոցառումներ կամ այլընտրանքային լուծումներ», — նշել է նախարարի տեղակալը։
Նա շեշտել է, որ գործող կարգավորումները չեն սահմանում արտոնություններ օտարերկրյա ներդրողների համար, և օրենքը կիրառվում է հավասար հիմունքներով բոլոր սուբյեկտների նկատմամբ՝ անկախ նրանց իրավական կարգավիճակից կամ ծագումից։
«Օրենսդրական դաշտը միտված է ապահովել թափանցիկ, հավասար և պատասխանատու մոտեցում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման գործընթացում։ Այն ապահովում է նաև ներդրումային միջավայրի կայունություն՝ հստակ իրավական գործիքակազմով», — նշել է Արա Մկրտչյանը։
Նախարարի տեղակալը նաև հիշեցրել է, որ 2023 թվականին ՀՀ օրենքում կատարվել են համապարփակ փոփոխություններ, և ներկայում գործում է արդիացված ընթացակարգ, որը ներառում է ինչպես ռազմավարական էկոլոգիական գնահատում, այնպես էլ անդրսահմանային ազդեցության, հանրային լսումների և այլ բաղադրիչների պատշաճ իրավական կարգավորում։
Համաժողովի շրջանակում քննարկվել են նաև օտարերկրյա ներդրումների, բիզնես իրավունքի, պետությունների դերի և պատասխանատու բիզնես վարքագծի խթանման հարցեր՝ միտված արդար մրցակցային և իրավական կայուն միջավայրի ապահովմանը։