Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Բրազիլիայում մասնակցել է «Ռիոյից Բելեմ. սիներգիկ գործողություններ էկոհամակարգերի վերականգնման և կլիմայական կայունության համար» բարձր մակարդակի միջոցառմանը
Միջոցառումը միտված էր ընդգծելու Ռիոյի երեք կոնվենցիաների փոխկապակցվածությունը, ինչպես նաև ներկայացնելու այն քայլերը, որոնք երկրների կողմից ձեռնարկվում են համակցված գործողությունների համար՝ նպատակ ունենալով առաջ մղել կլիմայի, կենսաբազմազանության և հողային ռեսուրսների պահպանման համաշխարհային օրակարգերը։
Միջոցառումն առանձնահատուկ էր նրանով, որ Բրազիլիան՝ լինելով Ռիոյի կոնվենցիաների «ծննդավայր» և Կլիմայի COP30-ի հյուրընկալող երկիր, հանդես է գալիս որպես հարթակ, որտեղ հնարավոր է համախմբել տարբեր երկրների փորձը և բարձրացնել համատեղ գործողությունների արդյունավետությունը։
Իր ելույթում նախարարն ընդգծել է, որ Հայաստանը, հյուրընկալելով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի` COP17-ի համաժողովը, ակտիվորեն աշխատում է Ռիոյի կոնվենցիաների և հարակից բազմաթիվ բնապահպանական համաձայնագրերի միջև համագործակցության խորացման ուղղությամբ։
«Հայաստանը COP17-ի գործընթացների կենտրոնում դիտարկել է Կունմին–Մոնտրեալի Գլոբալ շրջանակի իրականացման համատեղ առաջընթացի գլոբալ վերանայումը, որը կդառնա կարևոր գործիք փաստերի վրա հիմնված քաղաքականությունների մշակման, համագործակցության ամրապնդման և համապատասխան որոշումների ընդունման համար։
Ընդգծել եմ, որ Հայաստանը ներդնում է համաչափ և ինտեգրված մոտեցում ազգային պլանավորման, հաշվետվողականության և քաղաքականության իրականացման գործընթացներում՝ համադրելով իր կենսաբազմազանության ազգային ռազմավարության ծրագիրը (NBSAP) Գլոբալ շրջանակի դրույթների հետ, ապահովելով ցուցանիշների ընտրությունը, միջոցառումների կապակցումը բյուջետային հատկացումների հետ և ուժեղացնելով ազգային մակարդակով իրականացվող գործողությունների թափանցիկությունը»,-նշել է նախարարը։
Նախարար Մաթևոսյանը կարևորել է նաև կենսաբազմազանության, կլիմայի, հողի, պլաստիկի, քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտներում փոխլրացնող մոտեցումների ամրապնդումը, որը հնարավորություն է տալիս արագացնել իրականացման գործընթացները և բարձրացնել կարողությունները, հատկապես զարգացող երկրներում, ինչպես նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների շրջանում։
Ելույթիս ավարտին նախարարը նշել է, որ 2026 թվականին, երբ երեք Ռիոյի կոնվենցիաները կկազմակերպեն իրենց հերթական COP-երը, կստեղծվի բացառիկ հնարավորություն համաշխարհային բնապահպանական քաղաքականությունների համադրման և համատեղ ուղերձների ձևավորման համար.
«Վստահ եմ, Հայաստանում հյուրընկալվող COP17-ը կարող է դառնալ հարթակ, որտեղ հնարավոր կլինի միավորել օրակարգերը, սահմանել համատեղ ռազմավարական ուղենիշներ՝ էկոհամակարգերի վերականգնման, բնության վրա հիմնված լուծումների, հողի դեգրադացիայի չեզոքացման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ուղղությամբ»։




