Նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Կենսաբազմազանության պահպանություն և կլիմայական գործողությունների քաղաքական համադրության հզորացում» CBD #CoP17 նախագահության նախապատրաստական միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել է նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար տիկին Աստրիդ Շոմեյքերը։
Նախարարը հանդես է եկել ելույթով և նշել, որ Հայաստանի համար 2026 թվականին COP17-ն հյուրընկալելը մեծ պատասխանատվություն և հնարավորություն է։
«Մեր նպատակն է ստեղծել բաց, ներառական և համագործակցային հարթակ, որտեղ պետական կառույցները, քաղաքացիական հասարակությունը, երիտասարդները, մասնավոր հատվածը և գիտական համայնքը միասին կձևավորեն իրական լուծումներ։
Կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուստը փոխկապակցված ճգնաժամեր են, և դրանց կառավարմանն ուղղված քաղաքականությունը ևս պետք է լինի նույնքան փոխկապակցված։
Մենք պետք է ապահովենք, որ Ազգային մակարդակով սահմանված գործողություններն ու Կենսաբազմազանության ազգային ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը զարգանան ոչ թե զուգահեռ, այլ միասնական ու փոխլրացնող ձևով։
Առողջ էկոհամակարգերը հիմք են ինչպես կլիմայական կայունության, այնպես էլ համայնքների անվտանգ զարգացման համար, և այդ պատճառով բնահեն լուծումները #CoP17-ի մեր աշխատանքների հիմքում են լինելու»,-իր ելույթում նշել է նախարարը։
Համբարձում Մաթևոսյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ ամրապնդել COP16-ի ժառանգությունը և ապահովել առաջընթացի նոր փուլ։




