ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.09.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նախարարությունում հյուրընկալել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրենին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներին, ինչպես նաև «Հայաստան ծառատունկ ծրագրի» գործադիր տնօրենին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նախարարությունում հյուրընկալել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչներ Էնթոնի Բարսամյանին, Օսկար Թաթոսյանին, ինչպես նաև «Հայաստան ծառատունկ ծրագրի» (Armenia Tree Project) գործադիր տնօրեն Արա Բարսամյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի կազմակերպչական և նախապատրաստական աշխատանքները։ Նախարարը շեշտել է, որ այս համաշխարհային նշանակության միջոցառումը բացառիկ հնարավորություն է Հայաստանին՝ դառնալու կենսաբազմազանության պահպանման ոլորտում գլոբալ քննարկումների կենտրոն։
Նախարար Մաթևոսյանը գործընկերներին ներկայացրել է արդեն իսկ իրականացված քայլերը՝ ենթակառուցվածքների ապահովման, օրակարգային ձևավորման և բովանդակային աշխատանքների ուղղություններով։ Կողմերը քննարկել են նաև հնարավոր համագործակցության տարբերակները։
Առանձին քննարկում է տեղի ունեցել «Հայաստան ծառատունկ ծրագրի» գործադիր տնօրեն Արա Բարսամյանի հետ՝ համաժողովին ընդառաջ ծառատնկման նախաձեռնությունների վերաբերյալ։ Նախարարը նշել է, որ նման բնապահպանական ծրագրերը ոչ միայն կհամապատասխանեն համաժողովի գաղափարախոսությանը, այլև երկարաժամկետ դրական ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վրա։
Ամփոփելով հանդիպումը՝ նախարար Մաթևոսյանը վստահեցրել է, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի համաժողովը վերածել մեր երկրի համար պատմական իրադարձության և արժանիորեն ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։