Ռազմական դրության հայտարարման առաջին իսկ պահից Հայաստանի տասնյակ հազարավոր քաղաքացիներ պատրաստակամություն հայտնեցին զինվորագրվել և համալրել ՀՀ Զինված ուժերի շարքերը։ Կարճ ժամանակ անց Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատի, ենթակա ստորաբաժանումների մի քանի տասնյակ աշխատակիցներ զորակոչվեցին ազգային բանակ։ Զորակոչվածների գերակշիռ մասը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն են։ Ելնելով նրանց իսկ անվտանգության ապահովման պահանջից՝ անունները չեն հրապարակվում։ Զորակոչված աշխատակիցների աշխատավարձերը կշարունակեն փոխանցվել ծառայության ողջ ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով։ Շրջակա միջավայրի նախարարության ամբողջ կազմն իր զորակցությունն է հայտնում ինչպես կառույցից ազգային բանակ զորակոչված մեր գործընկերներին և նրանց ընտանիքներին, այնպես էլ Արցախում Հայրենիքը պաշտպանող բոլոր մեր հայրենակիցներին։ Շրջակա միջավայրի նախարարությունը շարունակում է իր աշխատանքները՝ ռազմական դրության պայմաններին համապատասխան։ Օրենքով սահմանված կարգով իրականացվում են ՇՄՆ լիազորությունների շրջանակում գտնվող բոլոր գործառույթները։ Շուտափույթ հաղթանակ, հարատև խաղաղություն և ոգու ամրություն բոլորիս։
