«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրով 2021-22 թվականներին Շրջակա միջավայրի նախարարությունը 3.2 մլն եվրո կուղղի Սյունիքի մարզի բնապահպանական խնդիրների լուծմանը, անտառների վրա ճնշման մեղմմանը և համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի շրջանակում` Սյունիքի մարզում վերջին տարիներին իրականացրել է 16 ծրագիր, կատարվել է շուրջ 2.5 մլն եվրոյի ներդրում և ստեղծվել են երկու տասնյակ աշխատատեղեր։
2021-2022 թթ.-ների համար պլանավորված գործողությունների համար նախատեսվում է ծախսել շուրջ 3.2 մլն եվրո։
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» վեցամյա ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի հարավային հատվածի բնական պաշարների և պահպանվող տարածքների կառավարման, ինչպես նաև հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի, բնակչության կենսապայմանների բարելավումը: Ծրագիրն իրականացվում է KfW բանկի ֆինանսավորմամբ, Գերմանական Ֆինանսական
Համագործակցության շրջանակներում:
Այսպիսով, ծրագրի շրջանակներում վերջին տարիներին՝
Ձեռք է բերվել վարչական շենք «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի համար,
«Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել են ելակետային ուսումնասիրություններ,
«Արևիք» ազգային պարկ և «Բողաքար» պետական արգելավայր պահպանվող տարածքների համար կատարվել է սահմանագծում և սահմանների ճշգրտում,
«Սոսու պուրակ» պետական արգելավայրի համար կատարվել է 99 սահմանասյուների տեղադրում,
«Զվարթնոց» ԱՄԿ ՓԲԸ-ին տրամադրվել է դրամաշնորհ` օդերևութաբանական սարքավորումներ ձեռք բերելու համար,
hիմնվել է 3 վրանային ճամբար «Արևիք» ազգային պարկ, «Խուստուփ» և «Սոսու» պուրակ պետական արգելավայր պահպանվող տարածքներում,
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղին տրամադրվել է 3 կոմպլեկտ փոքր գյուղատնտեսական տեխնիկա (մոտոբլոկներ խոտհնձիչներով և այլ կցորդներով),
«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին տրամադրվել է 10 հատուկ ավտոմեքենա,
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Կապանի անտառտնտեսությանը» տրամադրվել է 9 հատուկ ավտոմեքենա,
ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերին տրամադրվել է 5000-ական եվրո՝ համայնքային խնդիրների լուծման համար,
ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 32 բնակավայրերում անցկացվել են փոքր ծավալի բիզնես ծրագրերի մրցույթներ՝ դպրոցների, դպրոցականների, տնային տնտեսությունների միջև,
Մեղրի համայնքին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ՝ գյուղատնտեսական շուկայի և ավտոկայանի կառուցման համաֆինանսավորման, ինչպես նաև Շվանիձոր բնակավայրի ոռոգման համակարգը վերազինելու համար,
Կապանի համայնքապետարանին տրամադրվել են դրամաշնորհային միջոցներ աղբատար մեքենայի և 56 կոնտեյների ձեռք բերման համար, կազմակերպելու աղբահանության համակարգ՝ ծրագրի 7 թիրախային բնակավայրերի համար,
Ծրագրի թիրախային տարածքներում գրանցված 25 ՀԿ-ների կողմից մրցութային հիմունքներով ներկայացված փոքր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել,
«Շիկահող» պետական արգելոցի բուֆերային գոտում գտնվող Ծավ, Ներքին Հանդ, Շիկահող և Սրաշեն բնակավայրերի մշտապես բնակվող տնային տնտեսություններին տրամադրվել են ջերմամեկուսիչ պատուհաններ՝ յուրաքանչյուրին մինչև 9 ք.մ., ինչպես նաև արևային ջերմատաքացուցիչներ,
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կապանի անտառտնտեսության 2 հա տարածքում ծառատունկի իրականացում (9000 տնկի, տարածքի ցանկապատում և ոռոգման համակարգի հիմնում)։
