Շրջակա միջավայրի նախարարության, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 3-րդ Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունների (ԱՍՀ 3.0) գենդերազգայուն և սոցիալապես ներառական չափանիշներ» թեմայով համաժողովը։
Միջոցառման շրջանակում մասնակիցները շրջայց կատարեցին Կանաչ ուսուցման կենտրոնի տարածքով, որտեղ ծանոթացան գյուղատնտեսության ոլորտում կիրառվող և հեռանկարային կլիմակայուն տեխնոլոգիաներին, որոնք նպաստում են կայուն զարգացման և բնապահպանական ազդեցությունների նվազեցման գործընթացին։
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և քննարկել «Բարելավելով ԱՍՀ 3.0 գենդերազգայուն և սոցիալապես ներառական չափանիշները» ուսումնասիրության արդյունքները գյուղատնտեսության ոլորտի շահառուների հետ։ Քննարկման ընթացքում ընդգծվեց գենդերային հավասարության և սոցիալական ներառականության սկզբունքների կարևորությունը կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացներում։ Նմանատիպ նախաձեռնությունները նպաստում են շահառուների հետ փորձի փոխանակմանը և առաջարկությունների ձևավորմանը՝ հետագա ծրագրային բարելավումների նպատակով։
Նշենք, որ 2021 թվականին Կառավարությունը հաստատել է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված հանձնառությունները (ԱՍՀ)։ Սույն փաստաթղթով Կառավարությունը սահմանել է մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումների 40 տոկոսով նվազեցման թիրախ՝ 1990 թվականի արտանետումների մակարդակի համեմատ։








