ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.05.2023
«Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի շրջանակներում ազգային անկախ փորձագետների առաջադրում

Հարգելի քաղաքացիներ,
Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի պաշտոնական կայքում Հայաստանին վերաբերող տեղեկատվության (https://www.unccd.int/our-work-impact/country-profiles/armenia?page=1 ) թարմացման նպատակով խնդրում ենք մինչև սույն թվականի մայիսի 20-ը առաջադրել համապատասխան ոլորտի (հողագիտություն, ագրոնոմիա, կլիմայագիտություն, ջրաբանություն,  գեոմորֆոլոգիա, օդերևութաբանություն և կենսաբանական գիտություններ) անկախ փորձագետների թեկնածություններ, ովքեր կամավոր սկզբունքով մասնագիտական խորհրդատվական աջակցություն կտրամադրեն ազգային մակարդակում կոնվենցիայի իրականացման հարցերում։
Առաջադրված թեկնածուները հնարավորություն կունենան ընդլայնելու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը և ծանոթանալու կլիմայի փոփոխության պայմաններում հողերի բարելավման, երաշտի հետևանքների մեղմման, վաղորոք զգուշացման համակարգերի ներդրման մշտապես թարմացվող նորարարական մոտեցումներին։
Առաջադրված  փորձագետներից մեկ թեկնածու շրջակա միջավայրի նախարարության կողմից Կոնվենցիայի քարտուղարությանը կներկայացվի որպես Անապատացման դեմ պայքարի Կոնվենցիայի «Գիտության և տեխնոլոգիայի» կոմիտեի (CST) ազգային համակարգող։ 
«Գիտության և տեխնոլոգիայի» կոմիտեն ստեղծվել է որպես Կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP) օժանդակ մարմին՝ գիտական և տեխնոլոգիական հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ու խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
«Գիտության և տեխնոլոգիայի»  կոմիտեի ազգային համակարգողը, որպես խորհրդատու, հնարավորություն կունենա Կոնվենցիայի ազգային համակարգողի հետ մասնակցել Կոնվենցիայի կողմերի համաժողովներին և միջանկյալ հանդիպումներին՝ ըստ անհրաժեշտության։ 
«Գիտության և տեխնոլոգիայի»  կոմիտեի ազգային համակարգողը հիմնականում իրականացնելու է այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են.
•    աջակցության տրամադրում ազգային համակարգողին Կոնվենցիայի ներքո գիտական և տեխնոլոգիական հարցերում,
•    խորհրդատվության  տրամադրում «Գիտության և տեխնոլոգիայի» կոմիտեին, 
•     խորհրդատվության տրամադրում տարածաշրջանների և ենթաշրջանների համար հնարավոր հետազոտական առաջնահերթությունների վերաբերյալ, 
•    ստեղծել սերտ համագործակցություն և կապեր գլոբալ գիտական հանրության հետ և հանդես գալ որպես միջնորդ՝ Կոնվենցիայի «Գիտության և տեխնոլոգիայի» կոմիտեի և ազգային մակարդակով գիտական և տեխնոլոգիական համայնքի միջև։
Թեկնածության համար ներկայացնել տեղեկատվություն՝ համաձայն կից ձևաչափի։ Հարցերի դեպքում կապ հաստատել Կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանի հետ (էլ.փոստ՝ n.hakobyan@env.am ,  Հեռ։ 011 818 528,  011 818 525):