ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ընդհանուր տեղեկություններ/Անտառ

Անտառն անտառային կամ անտառապատման նպատակով հատկացված այլ հողերում ծառաթփային բուսականության գերակշռությամբ կենսաբանական բազմազանության ու բնական միջավայրի բաղադրիչների փոխադարձորեն կապված և միմյանց վրա փոխազդող ամբողջություն է, որի նվազագույն մակերեսը կազմում է 0,1 հեկտար, նվազագույն լայնությունը` 10 մետր, և որտեղ ծառերի սաղարթը ծածկում է տվյալ տարածքի  առնվազն  30 տոկոսը, ինչպես նաև նախկինում անտառածածկ անտառային հողերի ոչ անտառածածկ տարածքները։
Հայաստանի Հանրապետության անտառները և անտառային հողերը 1993 թվականի անտառների պետական հաշվառման (վերջին հաշվառում) արդյունքներով կազմում է երկրի տարածքի շուրջ 11.2 %-ը՝ 460 հազ. հեկտար, որից 334.1 հազ. հեկտարն անտառածածկ տարածքներ են (այս տվյալները չեն ընդգրկում հետագա տարիներին անտառային տարածքներում տեղի ունեցած փոփոխությունները): Համաձայն 2011 թվականին Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Հայաստանում կենսաբազմազանության ինտեգրված կառավարում» ծրագրի կողմից հեռահար զոնդավորման մեթոդով ստացված տվյալների, Հայաստանի անտառածածկի մակերեսը կազմում է 332.332 հեկտար կամ երկրի ընդհանուր տարածքի շուրջ 11.17 %-ը:
Հայաստանի Հանրապետության անտառներն օժտված են հարուստ տեսակային կազմով (323 տեսակ ծառ և թուփ)։ Հայաստանի Հանրապետության անտառներում հանդիպում են 130 տեսակի վայրի պտղատուներ։ Հիմնական անտառկազմող տեսակներն են կաղնին, հաճարենին, բոխին, սոճին։ Հայաստանի Հանրապետությունում անտառները տեղաբաշխված են խիստ անհավասարաչափ, 62 %-ը գտնվում է հյուսիս-արևելքում, 2 %-ը՝ կենտրոնական Հայաստանում։
Հայաստանի Հանրապետությունում անտառները, անկախ սեփականության ձևից, ըստ իրենց հիմնական նպատակային նշանակության՝ դասակարգվում են`
ա) պաշտպանական նշանակության,
բ) հատուկ նշանակության,
գ) արտադրական նշանակության:

 

Պաշտպանական նշանակության անտառներ են` ջրային օբյեկտների ջրապահպան գոտիների անտառները, բարձր թեքության (30 աստիճանից ավել) վրա գտնվող անտառները, անտառների վերին և ստորին սահմանների 200 մետր լայնությամբ տարածքը, կիսաանապատային, տափաստանային, անտառատափաստանային գոտիներում աճող անտառները, բուսաբանական, կենդանաբանական այգիների, դենդրոպարկերի շրջակա անտառները` 100 մետր շառավղով:
Պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը:
Հատուկ նշանակության անտառներ են` բնության հատուկ պահպանվող տարածքներում ընդգրկված անտառները, քաղաքային և քաղաքամերձ անտառները, ռեկրեացիոն և առողջարարական անտառները,  սահմանային, ռազմական նշանակության  անտառները, պատմական և գիտական արժեք ներկայացնող անտառները, սանիտարական գոտիները պահպանող անտառները:

 

Հատուկ նշանակության անտառներում սահմանափակվում և արգելվում են անտառօգտագործման այն ձևերը, որոնք չեն համապատասխանում այդ տարածքների պահպանության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ռեժիմին:
 

Արտադրական նշանակության անտառներն են բնափայտի շարունակական արտադրությունն ապահովող անտառները, որոնք չեն դասվում հատուկ և պաշտպանական նշանակության անտառների շարքին:
Անտառների հիմնական խնդիրներն են՝ ապօրինի անտառօգտագործումը, արածեցումը, կլիմայի փոփոխությունը, հրդեհները և փոթորիկները, անտառային տեսակների հիվանդությունները և վնասատուները։